▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է հանցավոր խմբին ֆինանսավորած անձը

ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱԱԾ կողմից բացահայտված, Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված հանցավոր համագործակցություն ստեղծելու գործով նախաքննության ընթացքի մասին:

Միքայել Համբարձումյանը հերքեց գործող նախագահի դեմ մահափորձի մասին վարկածը.

«Խմբի առանձին անդամները նման ծրագիր փորձել են շրջանառության մեջ դնել, առաջարկել են տարբեր եղանակներ, որպեսզի իրականացվի այդ մտադրությունը, սակայն խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից, ըստ էության, այդ ծրագրերը մերժվել են և նախատեսել են կոնկրետ գործողություններ կատարել»,-ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալը:

Միքայել Համբարձումյանը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում պարզվել է, թե ով է ֆինանսավորել խմբին 65.000 դոլարով. «Նա քրեական գործով մեղադրվում է: Բնակվում է ՀՀ-ում, այստեղ գործունեություն է ծավալում»,-տեղեկացրեց քրեական գործով քննչական խմբի ղեկավարը:

Հարցին, թե որտե՞ղ էր ԱԱԾ-ն, երբ խումբ էր հավաքվում, և միայն վերջին պահին են գործողություն իրականցրել, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալը պատասխանեց.

«Չէի ցանկանա, որ այդքան հեշտ պատկերացնեիք հանցագործության բացահայտման պրոցեսը: Խումբը սկսել է ձևավորվել 2015 թվականի մայիսից և ԱԱԾ տեսադաշտում հայտնվելուց հետո՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին,  այն վերցվել է հսկողության»:

Նշենք, որ այս գործով 33 անձինք են մեղադրվում, որոնցից 28-ը կալանքի տակ է գտնվում: Նախաքննական մարմինը դեմ չէ, որ զինված խմբի գործով կալանավորված 4 անձինք՝ քույրեր Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը եւ Հովհաննես Բալաբանյանը գրավով ազատ արձակվեն:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին