«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմը հավաքվել, նիստ է արել, քննարկել աշնանը կայանալիք Երեւանի ավագանու հերթական ընտրությունների հարցը: Այսպիսով, տեղեկացանք, որ քննարկման արդյունքում որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 17-ին:
Բացի այդ, ավագանու անդամները քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ մինչեւ սեպտեմբեր եղած ժամանակահատվածը պետք է ակտիվ օգտագործել եւ նախապատրաստվել աշնանը կայանալիք ընտրություններին: Ինչպես հայտնի է, ՔՊ ավագանու ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, որն այժմ փոխքաղաքապետ է: Սպասվելու են թեժ ընտրություններ, քանի որ արդեն իսկ մեծ թվով կուսակցություններ են ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտարարել: Թերեւս դա է պատճառը, որ ղեկավար կազմը որոշել է կազմակերպել ավագանու ներկայիս անդամների ակտիվ ներգրավվածությունը հերթական ընտրություններին, եւ այդ պատճառով որոշվել է, որ ավագանու՝ արձակուրդ գնալուց հետո պետք է սկսվեն ակտիվ հանդիպումներ եւ քարոզարշավ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, թե նման քննարկում չի եղել, բայց մեր աղբյուրները պնդում են, որ նման քննարկում նեղ շրջանակում եղել է»: