Հարություն Մեսրոբյան.
«Հայության գերնպատակը պիտի լինի հզոր Հայաստանի կերտումը, մնացյալ բոլոր խնդիրները, հզոր Հայաստանի առկայության պարագայում, կլուծվեն հետևանքային իմաստով»
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի երկրորդ նիստը կայացավ «Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական, տնտեսական և ժողովրդավարական իրավիճակը ներկա փուլում եւ զարգացման հեռանկարները» խորագրով, որը վարում էին դոկտ. Րաֆֆի Բեդիկյանը և Երվանդ Խոսրովյանը: Իսկ զեկուցողների շարքում, ինտերնետային կապի միջոցով, խոսք առավ նաև կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Հարություն Մեսրոբյանը ողջունելով գիտահետազոտական խորհրդաժողովը, նշեց. «Նման միջոցառումներ շատ հաճախակի պետք է անել, որովհետև, այնուամենայնիվ, մենք ուր էլ, որ լինենք հայություն ենք՝ Կանադայում, Ավստրալիայում Հայաստանում, թե՛ Արցախում, և նման գիտաժողովների կայացումով մենք մեր մոտեցումները կփոխանակենք և ավելի սերտացած կկարողանանք համընդհանուր մոտեցումների դուրս գալ»:
Բանախոսը Ազգի գերնպատակը և հիմնական խնդիրները գիտական և կիրառական իմաստով ներկայացրեց չորս հիմնաքարերի վրա՝
«ա- հարցերը դիտարկում ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ կառավարման տեսանկյունից,
բ- պատկերացում ունենք ԳՈՆԵ մեր հիմնական խնդիրների մասին,
գ- վերլուծում ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ մեզ համար կարևոր երևույթները,
դ- չենք խուսափում քննարկել ԱՆԳԱՄ մեր ամենացավոտ խնդիրները»:
Ըստ բանախոսի ազգային գերնպատակը պիտի լինի՝ «Համազգային ուժերով ներկա Հայաստանը վերափոխել Հզոր Պետության` ազդեցիկ գլոբալ գործոնի», որի հետևանքով. «Հզոր Հայաստանն այն ունիվերսալ գործոնն է լինելու, որն ի զօրու է լուծել`
- Հայկական Հարցը միջազգային ասպարեզում,
- ներքին խնդիրները (ներառյալ` սոցիալական),
- արտագաղթի շրջումը ներգաղթի,
- Սփյուռքն ուծացումից պաշտպանումը և հզորացման նպաստումը»:
Իսկ գերնպատակին հասնելու համար, բանախոսի կարծիքով «Անհրաժեշտ է` ազգային միասնություն` Հզոր Հայաստանի ստեղծման գաղափարի շուրջ, համազգային դրական ընտրասերման կիրառում բոլոր ասպարեզներում, և ի վերջո մրցունակ պետական կառավարման համակարգի մշակում»:
Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայացավ՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցներով հանդես եկան եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Եւրոպայի Հայերու Համագումար
Տեղեկատվական բաժանմունք