▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց Ցեղասպանության 99-ամյակի միջոցառումներ Սալոնիկում

«Մենք դեռ այստեղ ենք» կարգախոսով Հունաստանում մեկնարկեցին Հայոց Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները, երեկ`ապրիլի 24-ին, Սալոնիկ քաղաքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված հոգեհանգստյան արարողությամբ, որին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ՝ Մակեդոնիայի և Թրակիի նախարարը, Սալոնիկի շրջանի Մարզպետը, Սալոնիկի քաղաքապետն ու զինված ուժերի ներկայացուցիչներ: Հոգեհանգստյան  արարողության վերջում, եկեղեցում ողջույնի խոսք հղեց նախարար Թեոդորոս Կարաoղլուն, հույն ժողովրդի աջակցությունը հայտնելով եղբայրների արդար պայքարին:

Միաժամանակ, Սալոնիկի կենտրոնական՝ Արիստոտելի անվան հրապարակում հայ երիտասարդական միությունը տեղեկատվական տաղավար է տեղադրել, որը պետք է գործի մինչև կիրակի` ապրիլի 27-ը, հույն անցորդներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին ներկայացնելով ցեղասպանության վերաբերյալ գրականություն,  պատկերներ, տեսանյութեր և հայկական երաժշտություն:

Եկեղեցուն կից՝ Վ.Վ. Տերզաքարյան սրահում, առավոտյան ժամերից սկսվել և շարունակվում էր կամավոր արյունատվություն, որը կազմակերպել էր Հայ Գթության Խաչի Սալոնիկի “Անի” մասնաճյուղը:

Հոգեհանգստյան արարողությունից հետո, բողոքի ցույցը, որին մասնակցում էին  հարյուրավոր հայրենակիցներ՝ երեխաներ,երիտասարդներ և ընդհանրապես, բոլոր սերունդների ներկայացուցիչներ շարժվեց դեպի Թուրքական հյուպատոսարանի շենքը: Ցույցին հետևում էին նաև տեղական լրատվամիջոցներ, որոնք լուսաբանում են հայ համայնքի կազմակերպած բոլոր միջոցառումները:

Թուրքական հյուպատոսարանի առջև ժողովրդական ցույցի առաջխաղացումը խոչընդոտեցին հունական ոստիկանության զորագնդեր, որոնք նախօրոք տեղակայվել էին այնտեղ: Այս փաստը առավել ևս ոգևորեց ցուցարարներին, որոնք սկսեցին ավելի բարձրաձայն գոչել կարգախոսերն ու ավելի մեծ կորովով ներկայացնել ճանաչման պահանջները:

Ցույցի խաղաղ ավարտից առաջ հայ երիտասարդական միության ներկայացուցիչը բարձրախոսով ընթերցեց Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջի բանաձևն, իսկ հետո բոլոր մասնակիցները միասնական երգեցին Հայաստանի եւ Հունաստանի հիմներն ու հեռացան՝ մինչ հարյուրամյակի առթիվ միջոցառումները կամզկերպելը՝ արդար պայքարը անդադար շարունակելու խոստումով:

Սալոնիկ, 24 Ապրիլ 2014

Արաքսյա Գանապետյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին