Շրջափակել ահաբեկչության գլխավոր արտադրամասը. հայկական կողմը պետք է հայտարարի, որ այսուհետ ինքն է փակում Թուրքիայի հետ սահմանը
Սահմանադրական փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ՀՀ նախագահի խոսքի հետեւյալ բաժինը պետք է լուսարձակի տակ բերել, ամեն անգամ, երբ վերլուծման փորձ է կատարվում Թուրքիայի մեկուսացման աշխարհաքաղաքական առաջադրանքի մասին.
«Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու:
Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց` ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»:
Ուրեմն. հայկական կողմը նախագահի նշած հարեւան երկրներում գործընկերներ չի տեսնում գեթ ողջամիտ ժամկետի համար. այնտեղ ճահիճ է եւ անանցանելի: Ճահճի քաղաքական մեկնաբանությունը բացասական կայուն վիճակն է, որը որեւէ ալիքավորում, այսինքն դրական տեղաշարժ չի կարող ապահովել եւ որ ավելին` անկենդանութունն ու վարակը համատարած են եւ խորացող: Այս առումով ոչ մի դրական տեղաշարժի նշույլ չի երեւում եւ դարձյալ ներկայացված հիմնավորումներով` ակնկալելն էլ քաղաքականորեն ճիշտ ուղղություն չի ներառում:
Ավելին. այդ ճահիճը անհատակ է. այլ խոսքով չկա ոտք դնելու, հենվելու եւ գլուխը ճահճից դուրս բերելու որեւէ առարկայական ենթահող. իսկ այս գաղափարին զուգորդված երկրորդ միտքը` անանցանելիությունը ենթադրում է ճահիճը ճեղքելու եւ անցնելու որեւէ փորձի ապարդյունությունը:
Այս իրավիճակի գնահատականով էլ բացատրվում է հարեւանների մասին կատարված բնութագրման առաջին բաժինը: Քսանհինգ տարուց ի վեր մեր երկիրը ապրում է այս շրջապատով. այս շրջափակմամբ: Մեկնաբանելի է, թե քսանհինգ տարուց ի վեր հարեւանները նույն ճահճացած, նույն անհատակ վիճակին եւ նույն անանցելիությա՞ն էին մատնվել: Հավանաբար այս բաժինը մնում է քննարկելի` որ այս համոզումը ՀՀ իրարահաջորդ իշխանությունների համար ճիշտ այսօրվա եզրակացության համապատասխա՞ն է, թե՞ ոչ. ճահիճը որոշ ալիքավորումներ ունե՞ր, եւ թե հատակը երբեմն տեսանելի՞ էր եւ կամ մերթ անցանելիությունը նկատի էր առնվում։
Քսանհինգ տարի ճահիճներով շրջափակվածության պայմաններում մեր երկրին հաջողվել էր վերապրել, ապրել ու հարատեւել: Առավել կամ նվազ չափերով այս պայմաններում գործընթացները պիտի շարունակվեն: Շրջափակումների իրականությունների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի զարգացման ուղին:
Հիմա փորձենք խնդիրը դիտարկել աշխարհաքաղաքական նորագույն զարգացումների իրադարձությունների ներքո: Խոսքը վերաբերում է Եվրոպայի վերջին փակ սահմանը պահող պետությանը, որը շարունակում է նախապայմանային քաղաքականությունը հայկական կողմի նկատմամբ: Եվրոպայի վերջին սահմանը փակողը ըստ էության այսօր ամբողջ Եվրոպային է սպառնում. իր բոլոր սահմաններով, ընդ որում նաեւ անօրինականներով, բաց աշխատելը ամբողջ աշխարհին, սկսելով Եվրոպայից, առաջնային վտանգի է վերածվել:
Այդ պաշտոնական եւ անպաշտոն, ջրային եւ ցամաքային սահմաններն են, որոնց հատումով Անկարայի կողմից գործուղվում են փախստականները, նրանց հետ նաեւ ահաբեկչիները Եվրոպայի համար: Թուրքիան այսօր ինքը միջազգային ընտանիքի կողմից մեկուսացվելու եւ շրջափակվելու անհրաժեշտության առջեւ է: Աշխարհին սպառնացող ահաբեկչական այս արտադրավայրի նկատմամբ համատարած վերաբերմունքի անհետաձգելիությունն է ընդգծվում. այս հանգրվանին այդ ընդգծումները քարոզչաքաղաքական հարթության վրա են. չի բացառվում, որ սկսի ձեւավորվել դրանց իրավականությունը, ելնելով համաշխարհային տարողություն ստացած վտանգների դիմակայման միջոցառումներ որդեգրելու համաձայնեցված վարքագծերից:
Ճիշտ է, որ տեղաշարժի հավանականությունը զրոյական է. այսուհանդերձ տեսականորեն, թեկուզ շատ փոքր համեմատությամբ, չի բացառվում, որ Թուրքիան հանկարծակի սահմանի բացման քայլի դիմի, հետագա մեկուսացման միտումները նկատելով: Այդ չնչին հավանականության մաս է կազմում նաեւ արձանագրությունների վերստին օրակարգ բերումն ու դրանց վավերացումը:
Թե աշխարհաքաղաքական պայմանների եւ թե հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների սրված ներկա իրավիճակի ժամանակի ընտրությունը հուշում է, որ հայկական կողմը անհրաժեշտության առջեւ է առանց նախապայմանի հարաբերություններ մշակելու իր արտաքին քաղաքականության վարքագիծը վերանայման ենթարկելու. այլ խոսքով, այսօրվա Անկարայի ներկայացրած համաշխարհային վտանգի մատնանշումով իր սահմանադռները Թուրքիայի հետ ամրորեն փակելու եւ դրա իբրեւ նախաքայլ Երեւան-Անկարա արձանագրությունների հայկական ստորագրությունը չեղարկելու:
Թվում է, թե այն գերտերությունները, որոնք ինը տարի առաջ հորդորում էին ստորագրել եւ սահման բացել, ներկա պայմաններում միեւնույն ներշնչանքները չեն փոխանցում. քաղաքական քայլ կատարելու պահը հարմար է։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ