▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմը պատասխան գործողություններ է իրականացրել. Հակառակորդը զոհեր ունի

ASEKOSE.am-տեղեկություններով` ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ իրականացրած պատասխան գործողությունների արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում մի քանի զոհեր է ունեցել:  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց,  որ հստակ չի կարող ասել, թե հակառակորդը քանի զոհ  ունի:  

«Ես չեմ կարող պաշտոնապես հաստատել, կամ հերքել: Սակայն ինչպես նախապես հայտարարել էի` Ադրբեջանցիների կողմից որևէ ոտնձգություն անպատասխան չի մնացել: Իսկ զոհերի, կորուստների մասին թող իրենք խոսեն»,- մեզ հետ զրույցում  ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյուքնում 4 զինծառայող է վիրավորվել:

Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ինտենսիվորեն խախտվել է հրադադարի ռեժիմը: Կրակոցներ են հնչել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ:

Օգոստոսի 3-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը:

Իսկ 2 օր անց` ժամը 23:55-ի սահմաններում Այգեպար գյուղի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից  վիրավորվել է զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը:

Ադրբեջանական մամուլը բազմիցս անդրադարձել է սահմանային միջադեպերին, նշելով, որ երկու կողմն էլ կորուստներ ունի: Հետագայում հերքվել են  հայկական կողմի կորուստների մասին լուրերը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը միջադեպերին   պատասխան հարված է  հասցնելու:

Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին