«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:
«ԵԽԽՎ-ն այսօր չէ, որ այդ տեսակի է: Առաջին տարին չէ, որ մեր ԱԺ-ն գնում և մասնակցում է այդ նիստերին: Իսկ ամենակարևորն այն է, որ վաղուց պետք է ունենայինք մի ինստիտուտ, որը կաշխատեր պատգամավորների հետ: Այդպես էլ չգտան ձևը՝ աշխատելու այն ոլորտում, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն: Ու պետք չէ վերջում զարմանալ, այլ անհրաժեշտ է նախապես աշխատել: Ոչ մի օղակ պատշաճ ձևով չի աշխատել ու հերթական անգամ ցույց տվեցին իրենց անօգնական լինելը: Եվրոպայում բացակայում է նաև հայկական լոբբին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը նկատում է.
«Վերջին 21 տարիների ընթացքում մենք չենք կարողացել գոնե ինչ-որ առումով փոփոխություն մտցնել այս հարցին, որն է՝ ոչ թե հայկական ուժերն են զբաղեցրել իրենց չպատկանող տարածքները, այլև հակառակը: Վեճը սկսել է Ադրբեջանն ու մասամբ տանուլ է տվել վիճելի համարվող տարածքը: Մենք այս պարզ բանաձևն անգամ չենք կարողացել շրջանառության մեջ դնել: Սա քաղաքականություն է ու իրավական փաստաթուղթ չէ, որ ընդունվում են: Ինձ ցույց տվեք մի որոշում, որն առաջարկվել է հայկական կողմից և ընդունվել է: Հազար անգամ ասել եմ՝ նստաշրջանին մասնակցող խմբի հետ պետք է աշխատեն փորձագիտական խմբեր, նրանց հետ փորձագետ պետք է գնա, ոչ թե մի ուրիշ բան: Ադրբեջանը դա անում է: Նա կարողանում է իր սուտը առաջ տանել: Քաղաքականության մեջ ամեն մի փաստաթուղթ դառնում է փաթեթի ևս մեկ նյութ, որը գործընթացի համար ծանրակշիռ փաստարկ է դառնում Ադրբեջանի համար: Քաղաքականության մեջ սուտը մեկ դարից ավել կարող է աշխատել: Վատն այն է, որ չենք կարողանում տեղ հասցնել իրականությունը»:
Լարիսա Ալավերդյանը շտապեց տեղեկացնել, որ այսօր ԵԽԽվ-ում ավարտել է իր գործունեությունը Ռոբերտ Ուոլթերը.
«Եվ սա ոչ թե իր «կարապի երգն է», այլ ագռավի կռռոցը»,-նկատեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Նշենք, որ զեկույցի նախագիծը ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի 2016 թվականի ձմեռային նստաշրջանին։
Անի Կարապետյան