Disney+ հարթակը չեղարկել է Թուրքիայի ցեղասպան բռնապետ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին փառաբանող սերիալի թողարկումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ճնշման արդյունքում։
Այս լուրը հայտնել է էրդողանամետ Yeni Safak թերթը։ 8 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը, որը, ի սկզբանե, պետք է ցուցադրվեր 2023 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, այժմ որպես գեղարվեստական ֆիլմ կցուցադրվի միայն Թուրքիայի կինոթատրոններում 2023 թվականի նոյեմբերի 3-ին։
Հիշեցնենք, որ Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել Disney+ին «չեղարկել իր սերիալը, որը փառաբանում է թուրք բռնապետ և ցեղասպանություն մարդասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ միլիոնավոր հույն, հայ, ասորի, քաղդեացի, սիրիացի, արամեացի, մարոնի և այլ քրիստոնյա նահատակների արյունը ձեռքին».
«Դիսնեյ մանկական հեռուստաալիքը, չպետք է փառաբանի Քեմալ Աթաթուրքին` ռասիստ, ցեղասպան բռնապետին, որը պատասխանատու է անթիվ քրիստոնյաների և քրդերի մահվան համար: Սովորեցրեք խաղաղություն, ոչ թե ատելություն», – ասված էր հանձնախմբի հայտարարության մեջ։