▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական եկեղեցին ամենահինն է Սինգապուրում. Սինգապուրի վարչապետ

Գալիք տարում  նշվելու է Սինգապուրի հայկական եկեղեցու 150 ամյակը:

Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, Բաղրամյան 26-ում, Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երախտապարտ ենք, որ հայկական նյութական եւ հոգեւոր ժառանգությունը Սինգապուրում նշում են ու պահպանում ամենայն հոգատարությամբ»,- ասաց նա:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների՝ միմյանցից սովորելու հնարավորությունները:

Սինգապուրի վարչապետի խոսքով` օրակարգում է եղել նաև իրենց երկրի ու Եվրասիական տնտեսական միության միջև կնքվող համաձայնագրերի փաթեթը, որ տնտեսական համապարփակ համագործակցության և ազատ առևտրի հնարավորություններ է ստեղծում:

Լի Սյան Լունը խոսեց նաև Հայաստանի ու Սինգապուրի տարբերությունների ու նմանությունների մասին՝ նշելով, որ աշխարհագրորեն բոլորովին տարբեր երկրներ, որոնք երկուսն էլ փոքր են:

«Մեր երկու երկրները երկար տարիների հարաբերություններ ունեն, որոնք ձգվում են մինչև 19-րդ դար: Մենք նաև ունենք հայկական փողոց ու դրա մոտ հայկական եկեղեցի, որ ամենահին եկեղեցին է Սինգապուրում »,-ասաց Սինգապուրի վարչապետը` նշելով, որ Սինգապուրում կա փոքր, բայց կազմակերպված հայ համայնք, որը զգալի ներդրում է ունեցել Սինգապուրի կայացման գործում:

Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին