▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

«Կենտրոնն ունի սարքավորումներ, որոնք վաղվա օրվա են, այսինքն՝ աշխարհում երևի չկա որևէ վերականգնողական կենտրոն, որն ունենա վերականգնողական բուժման համար նախատեսված այսքան բազմաֆունկցիոնալ սարքավորումներ: Հրաշալի է, որ այս տարի մենք նաև վերականգնողական բուժման ամբիոնն ենք կառուցում, և արդեն ավելի շատ մասնագետներ կլինեն Հայաստանում, որտեղ այս ոլորտը երկար տարիներ բաց էր մնացել»,- նշել  է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը: 

 Կարևորելով հաստատության գործունեությունը՝ քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանգնած է կենտրոնի մարդասիրական բոլոր նախաձեռնությունների կողքին:


«Շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ու կարևորը ուղղակի սրտանց արվել է մեր զինվորների համար և վերջ: Նոր ծրագրերը, որ նախաձեռնել եք, համոզված եմ, շատ լավ է ստացվելու, և ուզում եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը կանգնած է ձեր կողքին: Կանենք հնարավորը, որպեսզի այս կենտրոնն իր բնականոն և տրամաբանական շարունակությունն ունենա»,- ընդգծել է քաղաքապետը: 
«Մենք ունեցանք պայմանավորվածություններ, քաղաքապետը հայտնեց իր աջակցության հավաստիքները: Կարծում եմ՝ սա կարևոր այց էր բոլորիս համար: Ոչ միայն կենտրոնը նայեցինք, այլև շրջեցինք բժշկական համալասարանի շրջակայքով, կիսվեցինք մեզ մտահոգող խնդիրներով թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային խնդիրների հետ կապված, և ի ուրախություն մեզ՝ բոլոր հարցերին եղան աջակցության խոստումներ: Համոզված եմ, որ կարճ ժամկետում դրանք կյանքի կկոչվեն»,- նշել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: 
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր: Այստեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:


Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին