▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայը...

Այս հայը… Դեմքը նիհար է, գծերը՝ ձիգ ու արտահայտված: Աչքերի մեջ մի մշտական ժպիտ, թե զարմանք կա՝ ուղղված աշխարհին: Եվ երբ Զարմանքը ահագնանում է՝ ժպտացող աչքերը հոնքերը հրում են վեր, լայն ճակատը զարմանքից տիզերաչափ է դառնում… Այդ ակնթարթին ժպիտի հեղեղը լցվում է խիստ գծերի մեջ և հոսում դեպի անսահմանություն: Այս հայը…

Ասում է. «Չորս տարեկան էի, երբ մայրս գնաց…»: Չեմ հասկանում՝ ու՞ր գնաց… Մի ակնթարթ անց ամաչում եմ՝ հայ մայրը իր զավակներից երբեք չի հեռանում - եթե գնացել է՝ ուրեմն՝ հավերժություն: Տխրություն չկա ձայնի մեջ: Հայը հավերժության դեմ չի տխրում – ընդունում է նրան: Հետո ասում է. «Չորս քույր ենք, չորս եղբայր – քույրերս մեծ էին, ամեն մեկը պահեց մի եղբորը»: Ապա հիշում է. «Մի կին էի տեսել՝ շատ նման էր մորս: Ամեն օր գնում էի մեր թաղից հեռու, այդ կնոջ տան մոտ, խաղում նրա երեխաների հետ: Զարմանում էին՝ ինչի՞ եմ այդքան հեռու գնում…» Մոր կարոտն այդպես է առել…

Խոսում ենք մեր մանկությունից, հիշում մանկության համերը, ճաշերը: Հարցնում եմ. «Սուրեն, չորթանը գիտե՞ս ինչ է…»: Միամիտ ու զարմացած պատասխանում է. «Գրպանումս կա…»: Հիմա ես եմ քարանում զարմանքից – Երևան, Հյուսիսային պողոտա, մի շքեղ գրասենյակ, մի քանի հայ խոսում են, և մեկի գրպանում չորթան կա – պինդ, քարի նման, համով – երկնաքար՝ ընկած մանկության երկնքից: Շարունակում է՝ «Պատերազմի ժամանակ միշտ գրպանումս կար, ում փորը ցավում էր՝ տալիս էի… Անունս Չորթան Սուրեն էին դրել»:

Հայը: Չորթան Սուրենը: Բանաստեղծ Սուրեն Գրիգորը: Խրամատի հացի երգիչը:

Լեւոն Դռնոյան

21 օգոստոսի 2013թ.

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին