Հայաստանում կարող է ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ–ի` իրենց դեմ կայացրած ակտերը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարը մանրամասնեց, որ նման մարմին ստեղծելու առաջարկ ստացել են միջազգային գործընկերներից ու հավելեց, որ այն կարող է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հատուկ նպատակներով է հարուցում։
Գրիգոր Մինասյանը լրագրողներին բացատրեց, թե ինչ կարգով է արդարադատության նախարարությունը հարուցում վարույթներ։
Նախարարը վստահեցրեց, որ այս հարցում որոշողը նախարարությունը չէ։
«Որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով, որ որոշողը արդարադատության նախարությունն է։ Որոշումը կայացնում է ԲԴԽ–ն, որտեղ կա մեղադրող կողմ` ԱՆ–ն, և պաշտպանվող կողմ` դատավոր»,– ասաց նախարարը։
Իսկ այն, որ դատավորը դժգոհ են լինում իրենց դեմ կայացված որոշումից, Մինասյանը նորմալ համարեց, քանի որ, ըստ նրա, եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, պետք է դժգոհ լինի։