azatutyun.am-ը գրում է. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հինգշաբթի երեկոյան հրապարակել է Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը բնորոշ են «համակարգային կոռուպցիան և կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։
Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան առկա է կառավարության բոլոր մակարդակներում և խարխլում է օրենքի գերակայության հիմքերը։ Հայաստանի կառավարությունը 2014 թվականի ընթացքում որոշակի սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկելով ցածր կամ միջին աստիճանի պաշտոնյաների։
Զեկույցում ասվում է, որ Հայաստանի առջև ծառացած առավել լուրջ հիմնախնդիրների շարքում են դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իշխանությունը փոխելու քաղաքացիների սահմանափակ հնարավորությունը:
Բանակում վերստին եղել են ոչ մարտական պայմաններում գրանցված կասկածելի հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքեր, սպաների և ծառայակիցների կողմից շարքայիններին հալածելու, հետապնդելու և ապօրինի այլ վերաբերմունքի փաստեր։
Պետական դեպարտամենտի զեկույցի Հայաստանի բաժնում նշվում է նաև, որ երկրում տեղի են ունեցել քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքեր։
Նշենք, որ այս օրերին տեղի ունեցող զարգացումները` սոցիալական բողոքների ժամանակ շարքային քաղաքացիներին և մամուլի աշխատակիցներին ծեծի ենթարկելու փաստերը կվերլուծվեն և տեղ կգտնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի, ինչպես նաև Freedom House, Human Rights Watch, Լրագրողներ առանց սահմանների և միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպությունների 2015 թվականի զեկույցներում։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում