«Բյուջեի ծրագիրը համահունչ է կառավարության նոր ծրագրին: Զգուշորեն են մոտեցել հատկապես սոցիալական խնդիրներին: Սկզբունքը հետևյալն է՝ եթե չավելացնել սոցիալական հատկացումները, ապա գոնե, պահպանել դրանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ողջունունեց, իր խոսքով՝ լճացումից որևէ փոփոխության գնալը, քանի որ, ըստ նրա՝ հասարակության մեջ մի փոքր հույս է արթնացել.
«Ռեալ փոփոխությունների համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ անել: Իսկ, եթե մեր համակարգը շարունակում է հիմնված մնալ սոցիալական անարդարության վրա, աղքատներն աղքատանում, հարուստներն էլ հարստանում են, անգամ լավագույն կադրեր ունենալու դեպքում խնդիրները չեն կարող լուծել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.
«Այս փոփոխություններն իրավիճակային են, այդ իսկ պատճառով հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, թե սա առաջիկա ընտրություններին ընդառաջ է արվում, իսկ նոր վարչապետն ավելի շատ որպես մենեջեր է հանդես գալիս, քան տնտեսագիտական նոր հայացքներ բերող անձ»:
Անի Կարապետյան