▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը համաժողովի առաջին` լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով` անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն միջավայրին: Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Մեծապես ուրախ եմ ողջունել բոլորիդ այս նշանակալի միջոցառման շրջանակներում, որն անցկացվում է Հայաստանի ու համայն հայության համար խորհրդանշական պահի: Ամփոփելով անկախության 25 տարիները՝ հայ ժողովուրդը այսօր շարունակում է հարթել իր ապագա զարգացման ճանապարհը։ Անցած երկուս ու կես տասնամյակը լի էր ինչպես մարտահրավերներով, այնպես էլ՝ ձեռքբերումներով։ Քառորդդարյա անկախությունից հետո մենք վստահորեն ընթանում ենք առաջ՝ մեր նոր տեսլականը խարսխելով այն ձեռքբերումների վրա, որ արձանագրել ենք մեր աշխատասեր ու շնորհալի ժողովրդի եւ մեր բարեկամների ու գործընկերների ջանքերի շնորհիվ։

Այս միջոցառման խորագրի ընտրությունը` «Հայաստանը՝ դարպաս դեպի մեծ շուկաներ» պատահական չէ: Հայաստանի դերը, որպես այդպիսին, կանխորոշվել է դեռ վաղ անցյալում, մեր պատմությամբ, աշխարհագրությամբ եւ ինքնությամբ։ Գտնվելով մայրցամաքների խաչուղիներում` Հայաստանը մշտապես կամրջել է տարբեր քաղաքակրթություններ` հանդիսանալով մշակութային եւ առեւտրային փոխանակումների համար շատ կարեւոր կենտրոն։ Ապավինելով իր պատմական դերին ու փորձին՝ մերօրյա Հայաստանը հետամուտ է իր առեւտրային, տնտեսական եւ քաղաքական գործընկերների միջեւ կամուրջներ կառուցելու ռազմավարությանը։ 

Ինչպես յուրաքանչյուր երկիր, Հայաստանն էլ ունի իր մրցակցային առավելությունները։ Հատկանշական է, որ մեր տնտեսության մրցակցային առավելություններն ինչ-որ առումով ծնունդ են Հայաստանի սահմանափակ ռեսուրսների ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունների։ Լինելով փոքր տնտեսություն` խորհրդային տնտեսվարության ժառանգությամբ, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, տարիներ ի վեր գտնվելով շրջափակման մեջ որոշ հարեւանների կողմից՝ մենք երբեք չդարձանք դժվարությունների գերին: Հակառակը` դրանք օգտագործեցինք զարգացնելու ստեղծագործ միտքն ու հնարամտությունը։ Մարդկային կապիտալը դարձավ մեր բարեկեցության աղբյուրը, արդյունավետությունը՝ շարժիչ ուժը, իսկ հակադրվող շահերի համադրումը՝ մեր կենսակերպը։ 

Թեեւ ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաեւ Հայաստանը, մեր երկրում վերելք ապրեց գիտելիքահենք հասարակությունը, ինչի շնորհիվ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր տեղը զբաղեցրեց տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում։ Անկախ ֆինանսական հնարավորություններից, յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում։ Եվ օրինաչափ է, որ արդեն երկար տարիներ դպրոցականների համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր երեխաները շահում են շուրջ 20 մրցանակ:

Այսօր Հայաստանը գլխավորում է մաթեմատիկայի միջազգային դպրոցական օլիմպիադայի վարկանիշային աղյուսակը՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մրցանակների քանակով: Նույն սկզբունքով մենք ունենք նաեւ շախմատի գրոսմայստերների ամենամեծ թիվը։ Ի դեպ, Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ շախմատը ներառվել է դպրոցական ծրագրերում՝ նպատակ ունենալով նոր սերնդի մոտ խթանել ռազմավարական մտածելակերպի զարգացումը։

Մեկ այլ հետաքրքիր օրինակ է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը Հայաստանում, որը միջին եւ բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն է ընձեռում իրենց մտքերը վերածելու տեղեկատվական արտադրանքի։

Մեր նախաձեռնությամբ 2009թ. ստեղծվել եւ գործում է «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի եւ հայության համաքայլ ընթացքը ժամանակի պահանջների հետ: 

Բարձր որակավորում ունեցող աշխատուժի եւ մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը ձեռք է բերել մատչելի նորարարական եւ ՏՏ լուծումներ առաջարկող երկրի համբավ։ Մենք դառնում ենք հետազոտական եւ զարգացման ծրագրերի իրականացման, բարձր հավելյալ արժեք ունեցող, բարդ արտադրատեսակների նախագծման եւ արտադրության համար ցանկալի վայր։ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում սկսնակներին՝ ազատելով նրանց շահութահարկից եւ կիրառելով ընդամենը 10% եկամտահարկ։ Որպես արդյունք՝ ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է միջինը 25% աճ։ 

ՏՏ ոլորտից բացի Հայաստանը հաջողություններ ունի նաեւ բժշկական զբոսաշրջության ոլորտում, հատկապես` ատամնաբուժական, որտեղ մատուցվում են որակյալ եւ անհամեմատ էժան ծառայություններ։ 

Տարեցտարի զարգացնում ենք որակյալ կրթություն տրամադրելու մեր կարողությունները, որոնք հնարավորություն են տալիս նաեւ օտարերկրյա ուսանողներին լիարժեք կրթություն ստանալ մեր երկրում։ Լավագույն օրինակներից է Հայաստանում գործող «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն իր հարկի տակ է միավորում մոտ 60, այդ թվում ամենաառաջատար երկրներից ժամանած ուսանողների»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին