Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին (պաշտոնական հաղորդագրությունը` ներքևում)։
Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ ժամանակային հնարավորության դեպքում, իսկ մինչ հաջորդ շաբաթվա վերջ ես զբաղված եմ լինելու ընթացիկ բողոքարկումներով և վարույթումս գտնվող այլ անհետաձգելի գործերով։ Արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբևէ ամենամեծ լարում ունեցած, համալրման համար բարդություններով և բազում շահերի անհամապատասխանության հետևանքով թափուր մնացած, իսկ 2018-ի ապրիլից ի վեր Հայաստանում վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ դեմոկրատական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի կողմից համալրման ենթակա առաջին բարձր դատական պաշտոնն է։
Այս պաշտոնի համար ավելի շատ մրցութային/խորհրդակցական ընթացակարգեր են ներգրավվել, քան որևէ այլ բարձր դատական և, առհասարակ, պետական պաշտոնի համար։
Հիշեցնեմ, որ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95%-ից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։
Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի և նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որևէ ստուգման թափանցիկ ընթացակարգի և զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։
Եվ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկարտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն։ Մնացած պարզաբանումները ժամանակի ընթացքում կներկայացնեմ, ինչպես նշեցի արդեն, բաերփոխումների և վերափոխումների իմ պատկերացումների առանձին կետերի տեսքով։
Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլևս անդառնալի է և հասնելու է Հայաստանին արժանի կայուն և հանրության շրջանում խորը վստահություն և հարգանք վայելող համակարգի կարգավիճակի։
Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, և իմ անձի վերաբերյալ և շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան և զրպարտախոսությունն իրականությունից զատելու հարցում»,- նշել է Վահե Գրիգորյանը:
Կարդացեք նաև՝ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին