▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կողմից հետախուզվող Միհրան Պողոսյանը Մոսկվայում բիզնեսով է զբաղվում

Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր, 2017-2019թթ. ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը հիմա ՀՀ իրավապահների կողմից հետախուզման մեջ է, Մոսկվայում բիզնեսով է զբաղվում: Ռուսաստանը մերժել է հայ իրավապահների դիմումն ու Պողոսյանին չի արտահանձնել նրանց:


2018թ. իշխանափոխությունից հետո՝ 2019-ի ապրիլին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ներկայում՝ հակակոռուպցիոն կոմիտե) հայտարարեց, որ Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Հետք»-ը գրում է, որ Ռուսաստանում հաստատվելուն զուգահեռ Միհրան Պողոսյանը, որը դեռ Հայաստանում էր բիզնեսն ու պաշտոնը տարիներ շարունակ հաջող համատեղում ու պատասխանատվության չէր ենթարկվում, պարապ չի մնացել ու կրկին մտել է բիզնեսի մեջ:

2018թ. դեկտեմբերի 27-ին ՌԴ-ում գրանցում է ստացել «ՓիՋիԷս» ՍՊԸ-ն («PGS»), որի միանձնյա սեփականատերը Պողոսյանն է: Եթե նախապես ընկերության կանոնադրական կապիտալը 10 հազ. ռուբլի էր, ապա 2019-ի մարտին այն դարձել է 10,3 մլն ռուբլի: «PGS»-ի գործունեության գլխավոր ուղղությունը մրգերի ու բանջարեղենի մեծածախ առևտուրն է:

Հիշեցնենք, որ «Քեթրինի Միհրան» մականունով հայտնի Մ. Պողոսյանի «Քեթրին Գրուպը» ժամանակին Հայաստանում բանանի գլխավոր ներմուծողն էր: Աբսուրդը հասել էր նրան, որ հարկերից խուսափելու համար ընկերությունը Հայաստան բանան էր ներկրել «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» ռեժիմով, ապա ցույց էր տվել, թե բանանի վերամշակումից հետո բանանի յուղ է արտահանում ոչ ավել, ոչ պակաս Բահամյան կղզիներ՝ արևադարձային երկիր: Իսկ իրականում արտահանվողը, ըստ մաքսային մարմնի, ոչ թե բանանի, այլ արևածաղկի յուղ է եղել:

«PGS»-ի գործունեության տեսակների մեջ են մտնում նաև թարմ կարտոֆիլի, պահածոյացված մրգերի և բանջարեղենի, թարմ մսի և մսամթերքի, ալկոհոլային խմիչքների մեծածախ առեւտուրը, բեռնափոխադրման ծառայությունները, բեռնատար մեքենաների վարձույթն ու լիզինգը, փաթեթավորման գործունեությունը: Նկատենք, որ Մ. Պողոսյանի այս ընկերությունը 2019-ին հաշվառվել է որպես միկրոձեռնարկություն և համացանցում առկա վերջին բաց տվյալների համաձայն՝ ունի 12 աշխատող: 2021-ին, ըստ պաշտոնական տվյալների, «PGS»-ի եկամուտները կազմել են 195 մլն ռուբլի, ծախսերը՝ 194,5 մլն:

«PGS»-ը գրանցված է Մոսկվայի Ռամենկի շրջանում՝ «Victory Park» (նախկինում՝ «Մինսկայա Պլազա») բիզնես կենտրոնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին