Մերի Մնջոյանը կամ, ինչպես ընկերներն են նրան դիմում, Մաշան «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակչում է եւ խոստանում է աշխատել հուսախաբ չանել այն մարդկանց, որոնք այսքան ժամանակ քվեարկել են իր օգտին ու հավատացել հաղթանակին: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր ստեղծագործական անցյալի մասին եւ ոչ միայն:
Երգում եմ 4 տարեկանից: Նախնական երաժշտական կրթությունս ստացել եմ Գյումրու «Դեղձանիկ» մանկապատանեկան համույթում: Տվյալ պահին սովորում եմ Երեւանի մշակույթի պետական քոլեջի վոկալ բաժնի 4-րդ կուրսում եւ «Դո-Ռե-Մի» վոկալ-ստուդիայում:
«Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների ժամանակ ելույթիցս հետո, տեսնելով մարզիչների ու հանդիսատեսի ընդունելությունն ու արձագանքները,հասկացա, որ պարտավոր եմ հասնել մինչեւ եզրափակիչ փուլ:
Նախագծի ամենակրտսեր մասնակիցն եմ, սակայն այս հանգամանքն ինձ երբեք չի խանգարել, բացի այս էլ, բոլոր մրցույթներին, որոնց մասնակցել եմ, միշտ տարիքով ամենափոքրն եմ եղել:
«Հայաստանի ձայնն» ինձ առաջին հերթին տվել է մրցութային ևս մեկ փորձ, ինքնավստահություն, ճանաչում, հանդիսատեսի սերը եւ, իհարկե, երկրպագուների մեծ բանակ: Նրանցից ես ստանում եմ բարեմաղթանքներ, ջերմ խոսքեր, ինչը միշտ էլ հաճելի է:
Հարգում եւ սիրում եմ բոլոր մարզիչներին եւ ուրախ եմ, որ “Հայաստանի ձայնն” ինձ հնարավորություն ընձեռեց շփվել այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Սոնան, Թաթան, Սոֆին եւ Արտոն:
Ինչ վերաբերվում է Սոնայի եւ Արտոյի միջեւ տեղի ունեցածին, ապա ցանկացած մրցույթում էլ կարող են նմանատիպ տարաձայնություններ լինել: Այդ ամենն ուղղակի պետք է առողջ դատել:
Եվ վերջում ասեմ, որ ես միշտ պոզիտիվ մրցակցության կողմնակից եմ:):