Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժոողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին:
Մասնավորապես, համաշխարհային կրթական նորությունների առաջատար կայքերից մեկը` http://www.universityworldnews.com-ը, իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գագաթաժողովի որոշումներին, Երևանյան կոմյունիկեին, Բելառուսի անդամակցության հարցին` երևանյան քննարկումները և որոշումները դիտարկելով որպես կարևոր ձեռքբերում` բարձրագույն կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու առումով:
Լրատվամիջոցն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանին, «որը լինելով ԵԲԿՏ-ի ամենափոքր երկիրը և գտնվելով աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում` խիզախաբար իրականացրեց ինչպես ԵԲԿՏ-ի քարտուղարության ղեկավարությունը, այնպես էլ գագաթաժողովի կազմակերպման խնդիրը, որի վկայությունն էր մասնակից նախարարների լուրջ քանակը:
Հայաստանը երաշխավորեց բոլոր անդամ երկրների, այդ թվում` իր հարևան Ադրբեջանի մասնակցությունը, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Անգամ հարևան Թուրքիան էր ներկա` 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակման հետևանքով դիվանագիտական իր համար դժվար այս տարում»:
Միաժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է նամակներ ստանալ մասնակից երկրների նախարարներից, պատվիրակության ղեկավարներից և եվրոպական բուհերի ռեկտորներից, որոնցում վերջիններս իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են արտահայտում միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար: