▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը բարդ իրավիճակում է, իսկ քաղաքական ուժերը պասիվ կեցվածք են ընդունել

Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտից հետո՝ Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ, ինտեգրացիոն գործնթացների նկատմամբ հետաքրքրությունը հասարակական-քաղաքական շրջանակներում կտրուկ աճ է արձանագրել:

Սա ոչ միայն պայմանավորված է Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի հաջող բանակցությունների ավարտով, այլև նրանով, որ ԵՄ-ի հետ բանակցություններին զուգահեռ` որոշ ուժեր փորձում են հետևողականորեն այդ գործընթացը ներկայացնել «հակառուսականության» համատեքստում:
Նկատելի է, որ արհեստականորեն ոչ միայն փորձ է արվում ինտեգրացիոն պրոցեսներով հետաքրքրված շրջանակները բաժանել «արևմտամետների» և «ռուսամետների», այլև, որն առավել վտանգավոր է, ինտեգրացիոն գործընթացն ու ուղղությունները ներկայացվում են առավել ծայրահեղացված տեսանկյունից:
Այստեղ խնդիրը նրանում է, որ Հայաստանի համար կարևոր այս փուլում, ինտեգրացիոն գործընթացների շուրջ դիսկուրս, մեծ առումով, չկա: Իհարկե, տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցություններ, որոշակի հաճախականությամբ, իսկ շատ դեպքերում` տարբեր կենտրոնների ուղղորդմամբ հայտարարություններ և հարցազրույցներ են տարածում, սակայն դրանք, հիմնականում, մեկ խնդիր են հետապնդում` ներկայացնել այս կամ այն «կենտրոնի» ոչ պաշտոնական մոտեցումը` Հայաստանի այս կամ այն քայլի առնչությամբ:
Պետք է փաստել, որ հասարակությունը դեռևս հնարավորություն չի ստացել պատկերացում կազմել այս թեմայի շուրջ ընթացող գործընթացների մասին, քանզի արենայում այս պահին, հիմնականում, ակտիվություն են դրսևորում այն ուժերը, որոնք ոչ թե հանդես են գալիս ինչ-որ բանի օգտին, այլև ինչ-որ բանի դեմ (հիմնականում` ծայրահեղացված գնահատականներով):

Հայաստանը` իր աշխարհաքաղաքական դիրքից ու հարևանների հետ ունեցած բարդ հարաբերություններից ելնելով, նման գործընթացներում ներգրավվելու համար մշտապես բարդ իրավիճակների առաջ է կանգնում, սակայն շատ կարևոր է, որ այս պահին, չնայած տարբեր կողմերից եկող «հարվածներին», գործընթացն ակտիվ փուլում է:
Միաժամանակ, ցավով պետք է փաստել, որ Հայաստանի համար այս կարևորագույն փուլում, քաղաքական ուժերը, հիմնականում, պասիվ կեցվածք են ընդունել՝ միայն հազվադեպ դեպքերում դիրքորոշում (հիմնականում լղոզված) արտահայտելով ստեղծված իրավիճակի շուրջ:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին