Մեծահարուստ գործարար, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ հաղթելով նոյեմբերի 8-ի ընտրություններում:
«Մեկ գիշերվա ընթացքում, փաստորեն, պատկերն այնպես փոխվեց, որ Թրամփը նախագահ դարձավ, որովհետև մինչև երեկ ամենափորձված քաղաքական գործիչներն ասում էին, որ Քլինթոնն անպայման հաղթելու է: Սա խոսում է այն մասին, որ քաղաքականության ու դիվանագիտության մեջ չարժե կանխատեսումներ անել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով.
«Թրամփի օգտին քվեարկեց անգամ Ֆլորիդայի նահանգի բնակչությունը, որտեղ խիստ բացասական էին տրամադրված Թրամփի՝ Մեքսիկայի և ԱՄՆի մեջ պատ կանգնեցնելու հայտարարությունից հետո:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա Արման Նավասարդյանի կարծիքով, ոչ մի թեկնածուի նեցուկ չլինելը սխալ էր.
«Հայանպաստ հայտարարություն չանելը սարքել որպես պատրվակ, կարծում եմ, որ սխալ էր: Քաղաքականության մեջ նեղացկոտությունը երբեք օգուտ չի բերել: Պետք էր ճիշտ հաշվարկ կատարել: Հիմա, եթե հայ համայնքը ցանկանա ինչ-որ քայլ անել, որոշակի դժվարությունների առջև կկանգնի»,-նշեց Արտակարգ և լիազոր դեսպանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգում: Համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ կոլեգիայի 538 անդամից 270-ի ձայները:
Անի Կարապետյան