▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գեղեցկուհի Տաթևիկ Չափեջյանը կպայքարի 50 հազար դոլար արժողությամբ թագի համար

Հունիսին Դուբայում տեղի է ունենալու «Miss Universal Peace & Humanity Pageant Organization» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ առաջին մրցանակային տեղի համար նախատեսված 50 հազար դոլար արժողությամբ թագի համար կպայքարեն շուրջ 125 պետության գեղեցկուհիներ, որոնց շարքում է գտնվում նաև առաջին անգամ Հայաստանը տվյալ մրցույթում ներկայացնող 25-ամյա Տաթևիկ Չափեջյանը: Asekose.am-ը կապ հաստատեց Տաթևիկի հետ՝ ճշտելու մրցույթին մասնակցելու իր առաջարկի, հնարավոր հաղթանակի, հետագա համարգործակցությունների և այլ հարցերի մանրամասները:

 

Որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք որպես մոդել, ե՞րբ է եղել ձեր առաջին բեմելը:

Մասնագիտությամբ նկարչուհի եմ, ավարտել եմ Երևանի գեղարվեստի պետական քոլեջը, որից հետո ավարտել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտը, իսկ  ներկայումս որպես երկրորդ մասնագիտություն ուսումնասիրում եմ միջազգային հարաբերությունները: Բացի այդ, արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում եմ հագուստի մոդելավորմամբ: Այս ընթացքում իմ հեղինակած հագուստները ներկայացրել եմ տարբեր նորաձևության բեմերից և հենց այդ ժամանակից էլ ստացել եմ տարբեր առաջարկներ: Ինչ վերաբերում է առաջին բեմելիս, ապա դա եղել է 14 տարեկանում:

Այս տարիների ընթացքում եղել են ընկերություններ կամ անհատներ, որոնց հետ համագործակցել եք որպես մոդել:

Որպես մոդել համագործակցել եմ «Golden Model» մոդելային գործակալության հետ: Նկարահանվել եմ և գովազդներում, և ֆիլմերում, և տարբեր տեսահոլովակներում: Այսինքն՝ այս ասպարեզում վաղուց է, ինչ կամ:

Մինչ հունիսին կայանալիք «Miss Universal Peace & Humanity Pageant Organization» մրցույթն, արդյո՞ք մասնակցել եք այլ մրցույթների ևս:

Գեղեցկության առաջին մրցույթի ժամանակ, որը կոչվում էր «Փոքրիկ աստղիկ», 10 տարեկան եմ եղել: Այդտեղ արժանացել եմ «Վիցցե Միսս» մրցանակին, որից հետո ստացել եմ բազմաթիվ առաջարկներ: Նաև մասնակցել եմ 2012թ-ին տեղի ունեցած վերջին «Միսս Հայաստան» մրցույթին: Քվեարկության արդյունքում հայտնվել էի լավագույնների շարքում, սակայն դրա՝ ոչ այդքան լավ վարկանիշի պատճառով, հրաժարվեցի շարունակել հետագա մասնակցությունս՝ չցանկանալով, որպեսզի անունս շոշափվի այդ ամենի հետ: Մեկ տարի անց՝ 2013թ-ին, մասնակցության առաջարկ ստացա Ալբանիայում կայացող «Միսս Աշխարհ»  մրցույթի կազմակերպիչներից: Պետք է նշեմ, որ այդ մրցույթին մասնակցելն ինձ համար սարսափելի բարդ էր, քանի որ աղջիկներից գրեթե բոլորը տիտղոսակիրներ էին: Առաջին անգամ էր, որ նման լուրջ մրցույթի էի մասնակցում: Այդ մրցույթից ինձ մնաց միայն փորձը, ճանապարհորդությունը և բազմաթիվ աղջիկների հետ ծանոթությունը:

Լավ անցում կատարենք դեպի հունիսին կայանալիք «Miss Universal Peace & Humanity Pageant Organization» մրցույթ: Ինչպե՞ս ստացաք մասնակցության առաջարկը, արդյո՞ք դա տեղի է ունեցել քասթինգի միջոցով:

Առաջարկ ստացա հենց այս մրցույթի կազմակերպչի՝ Ասրա Շահիդի կողմից: Ծանոթանալով իմ հասակի, չափսերի և, առհասարակ, բեմի, տեսախցիկների հետ աշխատանքիս, իրենց ընտրությունը կանգ է առել հենց ինձ վրա: Մրցույթը տեղի է ունենալու Դուբայում՝ հունիսի 18-ից մինչև հուլիսի 26-ը ընկած ժամանակահատվածում, մասնակցում են 125 պետություն ներկայացնող մոդելներ, որոնցից մոտ 70-ին արդեն ճանաչում եմ նախկինում տեղի ունեցած մրցույթներից, որոնց նաև ես եմ մասնակցել:

Իսկ որքա՞ն եք այս անգամ գնահատում մեր հաղթանակի հնարավորությունները և ի՞նչ մրցանակ է սպասվում մրցույթի հաղթողին:

Տեղեկացնեմ, որ այն իր բյուջեով բավական մեծ է: Առաջին հորիզոնականը զբաղեցրած մոդելը կստանա 50 հազար եվրո: Թագերը պատրաստված են ոսկուց և պատված են ադամանդներով: Բացի այդ, առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած աղջիկների ժապավենները լինելու են ադամանդե: Բավականին ծախսատար և մեծ միջոցառում է սպասվում: Իսկ ինչ վերաբերում է մեր հաղթանակին, ապա ասեմ, որ առաջին անգամ է, որ որևէ հայ աղջիկ մասնակցում է նման մրցույթի: Չեմ հերքի, որ մասնակիցներն ինձ համար բավական լուրջ մրցակիցներ են, սակայն, ինչպես ընկերներս են ինձ ասում, կարծում եմ, որ գոնե  «Միսս տաղանդ» մրցանակը մերը կլինի՝ հաշվի առնելով իմ նկարչական ունակությունները:

Իսկ արդեն որոշվա՞ծ է, թե ինչ հագուստով եք ներկայանալու բեմում և հետաքրքիր է, այդ ամենը լիարժեք ներկայացնելու համար համագործակցո՞ւմ եք որևէ դիզայների հետ:

Նշեմ, որ ամենօրյա հագուստս անգամ ձեռքի աշխատանք է: Համագործակցում եմ ընկերուհուս հետ, ով հագուստի մոդելավորող է, և իր հետ միասին փորձում ենք այնպիսի հագուստ ստանալ, որպեսզի այդ 125 աղջիկների կողքին առանձնանամ, քանի որ մինչ բուն մրցույթը շատ կարևոր է նաև ընթացքը, որի ժամանակ ժյուրիի անդամները ևս ուշադիր հետևում են քեզ և գնահատական տալիս: Բեմում ներկայանալու եմ երկու լողազգեստով, ազգային տարազով և, իհարկե, երեկոյան զգեստով:

Ներկայումս որևէ՞ քայլեր ձեռնարկվում են ձեզ՝ Հայաստանը ներկայացնող մասնակցին, ճանաչելի դարձնել արտասահմանյան հեռուստադիտողին, որպեսզի արդեն բուն մրցույթի ժամանակ մարդիկ ծանոթացած լինեն ձեզ և ձեր գործունեությանը:

Բոլոր 125 մասնակիցների համար մրցույթի կազմակերպիչներն արդեն իսկ պատրաստել են տեսանյութ, որը պատմում է նրանց մասին: Բացի այդ, փորձում են նաև հետաքրքիր պաստառների միջոցով ներկայացնել աղջիկներին, այսինքն՝ ամեն բան անում են բոլորին հավասարաչափ ուշադրություն դարձնելու և մարդկանց ներկայացնելու համար:

Ինչ եք կարծում՝ արդյո՞ք այն գործոնը, որ մինչ այս գեղեցկության մրցույթներում ձեզ չի հաջողվել գրանցել լուրջ հաղթանակներ, կարող է խոչընդոտ դառնալ ձեր հաղթանակի համար:

Անցած մրցույթներին ես փոքր ինչ անվստահ էի, տեսախցիկների հետ աշխատել չգիտեի, իսկ այժմ այդ ամենին շատ լավ եմ տիրապետում, սովորել եմ ճիշտ քայլել և լսել արտասահմանյան մասնագետներին: Մասնակցելով նկարչական մրցույթների՝ գրեթե միշտ հաղթող եմ ճանաչվել, և այն, որ ես մինչ այդ հաղթանակ չեմ գրանցել մոդելային աշխարհում, դա ինձ համար մի փոքր ամոթալի էր: Չեմ ընդունում այն խոսքը, որ կարևորը մասնակցությունն է: Ինձ համար այդպես չէ, ես ձգտում եմ հաղթանակի:

Բազմիցս եղել են դեպքեր, երբ տարբեր երկրների մոդելներ խոստովանել են, որ այս կամ այն մրցույթի ժամանակ իրենց հակառակորդները, նախանձից ելնելով, փորձել են խոչընդոտել նրանց՝ փչացնելով կամ գողանալով նրանց հագուստը: Հետաքրքիր է՝ ձեր ճանապարհին հայտնվե՞լ են նման մրցակիցներ:

Տարիներ առաջ Ռումինիայում կայացած մրցույթի ժամանակ բախվել եմ նման դեպքի հետ: Երբ մրցույթին ընդամենը հաշված րոպեներ էր մնացել, հանկարծ նկատեցի, որ իմ սպիտակ լողազգեստն անհետացել է: Բարեբախտաբար, ինձ այդ իրավիճակից դուրս գալ օգնեց ընկերուհիս՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Կուպերը, ով տրամադրեց ինձ իր մյուս լողազգեստներից մեկը, ինչի շնորհիվ էլ կարողացա շարունակել իմ մասնակցությունը, հակառակ դեպքում՝ բեմ դուրս գալ չէի կարող և ինքնստինքյան դուրս էի մնում մրցույթից:

Հետագայում ո՞ր մրցույթներին եք պատրաստվում ևս մասնակցել՝ բարձրացնելով և մարդկանց ներկայացնելով հայկական դրոշը:

Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել Իտալիայում կայանալիք «Miss Motors» մրցույթին, որն ինձ համար բավական պատասխանատու քայլ է: Կցանկանամ նշել նաև, որ, միգուցե, հետագայում ստեղծեմ իմ սեփական հագուստի ապրանքանիշը, որը կզբաղվի տարբեր երկրների գեղեցկուհիների զգեստների ստեղծմամբ: Տեղեկացնեմ, որ այժմ ինքս մոդելավորում եմ ինձ հետ՝ հունիսին նույն բեմում հանդես եկող Վիետնամի մասնակցի զգեստը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի և Տաթևիկ Չափեջյանի ֆեյսբուքյան էջից

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին