105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա երկամարտի 414 կգ արդյունքով (պոկում՝ 184 կգ, հրում՝ 230 կգ) գերազանցել է իր բոլոր մրցակիցներին:
Ծանրամարտի ՀՀ հավաքականի մյուս անդամներ, +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) երկամարտի 446 կգ արդյունքով (պոկում՝ 211 կգ, հրում՝ 235 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Գառնիկ Ալեքսանյան) երկամարտի 434 կգ արդյունքով (պոկում՝ 190 կգ, հրում՝ 244 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Գոռ Մինասյանը փոքր արծաթ է նվաճել նաև պոկում վարժությունում (211 կգ), իսկ Ռուբեն Ալեքսանյանը փոքր բրոնզ՝ հրում վարժությունում (244 կգ):
Կանանց պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հռիփսիմե Խուրշուդյան) երկամարտի 227 կգ արդյունքով և 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Սեդրակյան)՝ երկամարտի 230 կգ արդյունքով: Ավելացնենք, որ Սոնա Պողոսյանը փոքր արծաթ է նվաճել նաև հրում վարժությունում (126 կգ), իսկ Տաթև Հակոբյանը՝ փոքր բրոնզ պոկում վարժությունում (105 կգ):
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն առաջին անգամ մասնակցել է նաև 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը (անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան), որի գրաված 7-րդ տեղը մասնագետները բարձր են գնահատում: