Երեկ և այսօր հայկական շոու-բիզնեսի վերաբերյալ քննարկվող ամենաթեժ թեման երգիչ Գոռ Սուջյանի մասնակցությունն է «Եվրատեսիլ 2013»-ին: Թե հայկական լրատվադաշտում և թե բլոգոսֆերայում ակտիվորեն քննարկվում է՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն է կատարված և թե Գոռը հաղթելու ի՞նչ շանսեր ունի: Իսկ ի՞նչ են մտածում այս ընտրության մասին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: ASEKOSE.am-ի թղթակիցը փորձել է այս հարցի վերաբերյալ լսել որոշ կարծիքներ: Ներկայացնում ենք երգչուհիներ Շուշան Պետրոսյանի, Լեյլա Սարիբեկյանի, Ինգա Արշակյանի, երգիչներ Հայկոյի և Ռազմիկ Ամյանի մեկնաբանությունները.
Հայկո. «Գոռը Հայաստանի երաժշտական միջավայրում եզակի արտիստներից է, որ ծաղկի պես առանձնանում է բոլորից: Նրան շատ հարգում և սիրում եմ: Կարծում եմ՝ նա շատ լավ կներկայացնի Հայաստանը, և ուրախ եմ դրա համար: Նրան, միանշանակ, հաղթանակ եմ մաղթում: Կլինեմ նրա կողքին ու կօգնեմ՝ ինչով կարող եմ»:
Շուշան Պետրոսյան. «Շատ լավ կներկայացնի: Ես շատ սիրում եմ Գոռ Սուջյանին և «Դորիանս» խումբը, բազմիցս ներկա եմ եղել նրանց համերգներին և միշտ սիրով կգնամ: Գոռին հաջողություն եմ մաղթում»:
Լեյլա Սարիբեկյան. «Շատ ուրախ եմ, որ Գոռն է ներկայացնելու: Անկախ այն բանից, թե «Եվրատեսիլը» ինչ մակարդակ և որակ է պարունակում, կցանկանամ, որ Գոռը ներկայանա՝ որպես իսկական արվեստագետ, որովհետև նրա երգերը, իսկապես, արվես են պարունակում: Կարծում եմ՝ նրա հաղթաքարտը լինելու է իր ինքնատիպությունը՝իր ձայնը, տեմբրը, հոգու դրսևորումը: Գոռը պետք է անկեղծ և ճշմարիտ լինի բեմում, որ հասնի մարդկանց սրտերին: Կարևոր չէ, թե որ տեղը կգրավենք, կարևորը՝ մակարդակով ներկայանալն է»:
Ինգա Արշակյան.« Կարծում եմ, որ հրաշալի ելույթ կունենա՝ իր պրոֆեսիոնալիզմով և այն ոգով, որը նա միշտ ներդնում է երգերի մեջ: Հենց սկզբում, երբ Գոռին ճանաչել և իր արվեստին ծանոթացել ենք, հավանել ենք նրան: Եվ որպես վոկալիստ, և որպես երգիչ, երաժիշտ և որպես մարդ նրան շատ ենք հավանում: Մտքովս չի էլ անցնում, թե նա մոտավորապես, որ տեղը կզբաղեցնի, կարևորը, որ հաստատ շատ լավ ելույթ կունենա»:
Իսկ Ռազմկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի փոխանցմամբ՝ Ռազմիկ Ամյանը բարձր է գնահատում է Գոռ Սուջյանի երգարվեստը և միայն հաջողություններ ու հաղթանակ է մաղթում: