▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաղթանակն ու Արցախը կորցրեցինք, երբ լրտեսական ցանցերը բաժան֊բաժան արեցին ժողովրդին»

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «88-ի փետրվարին սկսած Շարժումը անպարտելի էր, որովհետև հայ ժողովուրդը ձևավորեց իր իղձերի ու ձգտումների սեփական ու միասնական օրակարգը։ Օրակարգ, որն ամբողջովին մաքուր էր օտար ազդեցություններից, դրսից թելադրվող պրոպագանդիստական կլիշեներից և այլածին ծրագրերից։ Խորհրդային հին համակարգը վարկաբեկվել էր, իսկ այլ տերությունները դեռ չէին հասցրել օգտվել ստեղծված վակուումից և իրենց թեւքերը փռել ազատության համն առնող մեր ժողովրդի վրա։
Մեր Հաղթանակի գլխավոր գաղտնիքը դա էր. զուլալ էինք, վստահ ու անմեղ, այդ անմեղ վստահությամբ և մեր իրավացիության անսահման զգացումով էինք տապալում գիշատիչ և բանսարկու փորձառու տերությունների դավադրությունները և միջամտությունները։
Հաղթանակը և Արցախը կորցրեցինք, երբ աշխարհաքաղաքական օրակարգերը, գաղափարախոսական արշավները և օտար վերնախավերի ազդեցությունները ու նրանց լրտեսական ցանցերի սարդոստայնները աստիճանաբար բաժան֊բաժան արեցին մեր ինքնաբուխ օրակարգը, և համարյա անտեսանելիորեն մեր հանրությունը մասնատվեց իրար ատող, նպատակն ու իմաստը կորցրած, գաղափարախոսական թե շահադիտական հիմքերով ձեւավորված օտարածին բանակներին հավաքագրված զանգվածների։ Նույն վիճակում է հայտնվել մեր պետական համակարգը, որը սեփական օրակարգը իրականացնողից վերածվել է բազմաթիվ օտար ուժերի՝ ձեռքից ձեռք անցնող խաղալիքի, և ուրացել հայ ժողովրդի շահերի սպասարկման իր միակ առաքելությունը։
Բայց 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը։ Աստված մեզ ուժ տա նորից վերագտնել անկեղծ ու ինքնուրույն, մեր ժողովրդի հոգու խորքերից բխող իսկական պետականաստեղծ ավյունը և մի օր նորից արժանանալ 88֊ի հաղթական Շարժման ոգու փառքին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին