a1plus.am-ը գրում է. Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստն էր: Ավարտից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը հիմնականում խոսել է Սանկտ Պետերբուրգ կատարած այցի և եռակողմ հանդիպման արդյունքներից:
«Հայկական կողմի դիրքորոշումը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման առումով չի փոխվել, հստակ է, մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա նախագահների երկկողմ հանդիպումը բավականին արդյունավետ է եղել»:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև Սերժ Սարգսյանի ԼՂՀ կատարած այցի մասին և ասաց, որ Սարգսյանը գնացել է Արցախ, «իբրև Ղարաբաղի անվտանգության երաշխավոր տեսնի, թե ինչպիսին է իրավիճակը առաջնագծում»:
ՀՀԿ մամլո խոսնակը նշեց նաև Հռոմի Պապի այցի մասին, ասելով, որ «այն խաղաղություն կբերի տարածաշրջանին»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությանը, թե Պետերբուրգում պայամանավորվածություն է ձեռքբերվել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի սկզբում 5 շրջան, ապա եւս 2-ը, Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Կարծում եմ, որ դա Մամեդովի հիվանդ երեւակայության արդյունք է, որովհետեւ ոչ միայն պաշտոնական Երեւանն է մի անգամից արձագանքել ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, որը նշեց, որ նման բան գոյություն չունի, նաեւ տեղյակ եք, որ այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական հայտարարություներին ու մենաբանություներին: Դա էլ հո Երեւանը չի ասում, սա պաշտոնական Մոսկվայի արձագանքներ Բաքվին»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում