«Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջ», — այսպես է սկսել իր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածը հայ բանաստեղծ, հասարակական գործիչ Վահան Տերյանը, ում ծննդյան 133-րդ ամյակն է այսօր՝ փետրվարի 9-ին։
Asekose.am-ն առանաձնացրել է հոդվածի հանճարեղ հատվածների ընդամենը մի մասը։ (Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ )
Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Եվ դա այդպես է: …
Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով: Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղեւից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել – եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից:
Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առաջ եւ մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք: Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ – այնտեղ առաջ Մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն` միայն հագուստն է, իսկ մարդը չկա:
1914թ․