▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հատուկ հրամանագրով ինձ տրամադրեք շան անձնագիր». հերթական ոտնձգությունը ազատամարտիկի նկատմամբ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
պատճենը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին

Արտեմ Ալեքսանյանից, 
հասցե` Երևան, Գերցենի 14/4, հեռախոս 093.276741 

Դիմում

Մեծարգո Նախագահ,
հանդիսանում եմ Արցախյան պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ ազատամարտիկ (կկիրառեի` «պետության համար պատերազմում, մարտական գործողությունների ժամանակ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած …» արտահայտությունը, սակայն այսօր փորձում ենք իրավական կարգավիճակ տալ «ազատամարտիկ» հասկացությանը):
«Պետության և իրավունքի տեսություն» գիտության մեջ աչքի ընկած շատ գիտնականների համոզմամբ պետությունը աստվածային պարգև է և համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ հանդիսանում է Աստծո պարգև hայ ժողովրդի ու մասնավորապես նրա քաղաքացիների համար: 
«Վախեցիր այն մարդու արցունքներից, ում դու նեղացրել ես: Չէ որ նա Ինձանից օգնություն կխնդրի, և Ես կօգնեմ նրան»: 
Գրեթե տարբերություն չդնելով, ինչպես նաև, առաջնորդվելով գիտական և աստվածաշնչյան նշված դրույթներով, 2013 թվականի հունիսի 25-ին և 27-ին ոստիկանության կողմից բնակարանիս անձեռնմխելությունը խախտելու, ինձ և ընտանիքիս անդամներին վիրավորելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու (կարծես երկրորդ Սումգաիթն էր) փաստի կապակցությամբ դիմել եմ պետությանը` պատկան մարմիններին, օգնության՝ պաշտպանության, արդարության, պատվի և արժանապատվության վերականգնման խնդրով, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը հետևյալն է.
ոստիկանները հայտարարում են, թե իրենք նման արարք չեն արել, իսկ քննությունն այս պահին որպես միակ ապացույց ինձանից պահանջում է դեպքի տեսանկարահանումը, որը ես, բնականաբար, չունեմ և տրամաբանորեն չեմ էլ կարող ունենալ: Կարճ ասած, օգնություն խնդրեցի և չստացա: 
Ի դեպ նույն խնդրով ՄԻՊ-ին հասցեագրված դիմումը նույնպես մնացել է անպատասխան, հետևաբար այս մասով էլ օգնություն չեմ ստացել: 
Կա՞ մեկը, ով կասկածում է, որ ՀՀ-ում ոստիկանը այդպիսի արարք է կատարել: Եթե կա, ապա նա Լուսնից է:
Ակնհայտ է, որ «հերոս» ոստիկանները պետության ներկայացուցիչ են, հետևաբար կատարվածը պետք է դիտարկել, որ նման կերպ ինձ հետ՝ որպես մարդու և քաղաքացու, այդ կերպ վարվել է պետությունը: Ենթադրվում է, որ նույն ոստիկանները հանդիսանում են մարդ և ՀՀ քաղաքացի: Այս դիտարկմամբ ես չեմ կարող ինձ տեսնել վերջիններիս հետ միևնույն հարթության վրա: Ասեմ ավելին՝ դա ինձ պատիվ չի բերում, թեկուզ մի պարզ պատճառով, որ ինձ ծնած, սնած, դաստիարակած և ի հանուն պետության հանձնած (որի արդյունքում հաշմանդամ եմ) մոր արջև՝ ոչ ավել ոչ պակաս, մեր օջախում ինձ մայր են հայհոյում, էլ չեմ անրադառնում իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ ֆիզիկական բռնությանը…:
Այսպիսով, իմ՝ որպես մարդու և քաղաքացու իրավունքները Հայաստանի Հանրապետությունում չեն ճանաչվում և հարգվում: Շանն են աքացի տալիս և ասում «կսատկացնեմ», ինչպես վերը նշել եմ նշված սպառնալիքը հնչում է պետության կողմից, ուստի խնդրում եմ Ձեր հատուկ հրամանագրով կամ հանձնարարականով ինձ տրամադրել շան անձնագիր: Իմ այս ցանկության իրավաբանորեն իրականացնելը կբերի նրան, որ աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կփայլի աննախադեպ իրավաբանական ու ժողովրդավարական առաջընթացով, ինչպես նաև, գոնե աշխարհի առաջադեմ պետությունների և միջազգային բնապահպանների կողմից կարող եմ ակնկալել անհրաժեշտ օգնություն, ինչի արդյունքում ՀՀ-ում ավելի պաշտպանված կզգամ ինձ, քան ՀՀ-ում՝ Հայաստանի Հանրապետության կողմից` որպես մարդ, ՀՀ քաղաքացի, 2-րդ խմբի հաշմանդամ:
Առաջին իսկ պահանջով պարտավորվում եմ ներկայացնել իմ նոր կարգավիճակը հաստատող անձնագրի համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը և լուսանկարները:
Եթե վերը նշված խնդրանքս իրականացնելու համար համապատասխան պաշտոնատար անձանց համար դժվար կլինի գտնել իրավական հիմքեր, ապա պատրաստ եմ Ձեր կողմից հանձնարարական իրականացնող պաշտոնատար անձանց իմ իրավացիության տրամաբանությունը ապացուցել և օգնել նրանց կատարելու այդ աշխատանքը՝ ընդհուպ մինչև օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելը: Իսկ մինչ այդ, եթե այնուամենայնիվ այս կամ այն պատճառով ինձ չտրամադրեք շան անձնագիր, ապա խնդրում եմ տրամադրել ինձ «persona non grata» կարգավիճակ, քանի որ ես ընդունելի չեմ պետության համար որպես մարդ և քաղաքացի: Սրանով Դուք կօգնեք ինձ իրավական հիմնավորմամբ լքել Հայաստանը, քանի որ հստակ է այն մտավախությունը, որ այս ընթացքով ՀՀ ոստիկանությունը կամ որևէ իրավապահ մարմին փորձելու է հետապնդել ինձ և վտանգել իմ կյանքն ու ֆիզիկական անվտանգությունը:
Խնդրում եմ պաշտոնապես պատասխանել հետևյալ հարցին. եթե ոստիկանական նշված աշխատակիցներն առաջիկայում օրենքի ամբողջ խստությամբ չպատժվեն կատարած արարքի համար ու չլքեն համակարգը, ապա կարո՞ղ եմ հուսալ, որ մոտ ապագայում Ձեր կողմից ինձ կշնորհվի շան անձնագիր կամ կստանամ «persona non grata» կարգավիճակ:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ շատ կարևոր է հետևել, որպեսզի նշված ոստիկանների գործընկերները իմ նկատմամբ հետագայում բանսարկությամբ վենդետա չիրականացնեն:
Ինքնին հասկանալի է, որ սույն դիմումը Ձեզ չի հասնելու և նույնիսկ չի էլ զեկուցվելու, և նախագահական ապարատի մեխանիկական աշխատանք իրականացնող չինովնիկները կամ համապատասխան աշխատակիցը վերահասցեագրելու է այլ պետական մարմիններին, որոնց տեղը ես լավ գիտեմ: Սակայն այդ անձինք պետք է հասկանան, որ եթե քաղաքացիության հարց է բարձրացված, ապա դրա լուծումը պատկանում է միայն ու միայն ՀՀ Նախագահին: Կարճ ասած ինձ հարկավոր չէ սույն դիմումի վերահասցեագրում:
Ինչ վերաբերում է հատուկ քննչական ծառայությունում «հերոս» ոստիկանների արարքի հետ կապված ընթացող քննությանը, ապա ես քննիչի դիրքորոշմանը մոտենում եմ ըմբռնումով, քանի որ նա էլ ՀՀ-ում գործող, ու բոլորիս ծանոթ պետական համակարգի սկզբունքներին և դրվածքներին համակերպվող ծառայող է: Ուստի (քննության ընթացքից այսօր արդեն համոզված լինելով, որ իմաստ էլ չկար բողոքարկել ոստիկանների գործողությունները) ես անտարբեր եմ, թե ինչ ավարտ կունենա այդ քննությունը, հետևաբար խնդրում եմ կոնկրետ անդրադառնալ վերը նշված իմ կողմից բարձրացված հարցադրմանը:
Որպես վերջաբան, շատ կարևոր եմ համարում նշել, որ ես ոչինչ չունեմ ՀՀ իշխանության կազմակերպման այսօրվա ձևի դեմ, և եթե որոշված է, որ ոստիկանները կարող են անարգել մարդուն կամ քաղաքացուն ու դրա համար պատասխանատվություն չկրեն, ապա թող այդպես էլ լինի, սակայն զուտ մարդկային առումով կուզեի նշել, որ Սահմանադրությունում և այլ իրավական ակտերում հարկավոր է հենց այդպես էլ գրել, որ մարդը և քաղաքացին ոչինչ են, և կարիք չկա ԶԼՄ-ներով օր ու գիշեր թմբկահարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդուն և քաղաքացուն ընձեռված իրավունքների մասին, սակայն իրականությունը այլ լինի:

Արտեմ Ալեքսանյան 
29.08.2013թ
ք. Երևան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին