▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանը` 90-ականների «չամիչ» աղջիկ. ինչպես է կնոջ բարոյականությունը կասկածի տակ դրվում. armlur.am

Armlur.am-ը գրում է. Նախորդ  դարավերջը ձևավորեց հայկական շոու-բիզնես կոչվածը, ու հենց այդ ժամանակ ասպարեզ եկան հայկական շոու-բիզնեսի առաջին ներկայացուցիչները: Նրանցից շատերի աստղը փայլեց ու մարեց գրեթե միաժամանակ, բայց որոշները մինչ օրս սիրված են ու պահանջված. նրանց հիշում են, նրանց մասին բամբասում են, իսկ երգերը` դեռ լսում:

Այս անգամ մեր զրուցակիցը 90-ականների գալակտիկայից Հասմիկ Կարապետյանն է: «Չամիչ» աղջկա կերպարը նրան վերագրվեց ու էլ չպոկվեց նույնիսկ, երբ ռոք ժանրում երգեց ու որոշ չափով բաց ֆոտոսեսիայով հանդես եկավ ամսագրերից մեկի շապիկին: Նա բեմից երգեց իր մեղեդին ու այդ բեմում և բեմից դուրս ընդունվեց ու դարձավ սիրված: Հասմիկի երգերը դարձան նոր սերնդի մանկության տանգոն, ինքը՝ նոր սերնդի ամենազգացմունքային երգչուհին:

Երգչուհին գիտի՝ կարևոր է, որ մարդ ունենա իր գույնը ու առանձնանա բոլորից, ու վստահ է, որ ինքն էլ այդ մարդկանցից է: Երգչուհու գունապնակի առաջին ու ամենապայծառ երանգների մասին  պատմում է հենց ինքը՝ Հասմիկ Կարապետյանը:

11354818_1732867833607013_1259000548_n

Որպես սկիզբ

Մանուկ հասակում դաշնամուրային դպրոց էի այցելում: 13 տարեկանից սկսեցի մեղեդիներ հորինել, որոնք սինթեզում էի գրածս բանաստեղծությունների հետ, որոնք վերջում երգեր էին դառնում: Որպես հեղինակ ինձ նկատեցին Եղիշե Պետրոսյանը և Արտավազդ Բայաթյանը, ու առաջին երգիս ձայնագրությունը եղավ հենց «Արձագանք» ստուդիայում: Մայրիկիս հետ գնացել էի ձայնագրվելու. ուղղակի բախտի բերմամբ այդ օրը, այդ ժամին այնտեղ եկան «Երրորդ ալիք» հաղորդման հիմնադիր Արտավազդ Եղոյանն ու հաղորդավար Կարեն Քոչարյանը: Նրանք ինձ նկատեցին, հետո հարցրին, թե ինչու եմ 16 տարեկան հասակում երգում անպատասխան սիրո մասին (երգս կոչվում էր «Չգիտեմ»), իսկ ես հպարտորեն պատասխանեցի, որ սերը տարիք չի հարցնում: Ես նկարահանվեցի  այդ շաբաթվա «Երրորդ ալիք» հաղորդաշարում: Ու դա դարձավ ճակատագրական օր ինձ համար:

52c805cb6904c_medium

Նմանակե՞լ. երբե՛ք

90-ականներին ինձ համեմատում էին ռուս երգչուհի Լինդայի հետ: Իրականում այդ տարիներին ես իրոք Լինդայի երգարվեստի ազդեցության տակ էի, քանի որ այդ ժամանակաշրջանի համար նա շատ յուրահատուկ ու չկրկնվող երգչուհի էր: Նրա խենթ շարժումները բեմի վրա ինձ շատ էին գրավում: Գուցե, գործիքավորողներս հասկանալով, որ ինձ վրա կա նրա ազդեցությունը, լինդայական երանգ են տվել իմ երաժշտությանը, սակայն ես հաստատ չեմ ձգտել դրան: Բայց ես ունեմ մի լավ հատկություն. ինչ էլ որ ես սիրում եմ կամ ինչից էլ որ ազդվում եմ` ես իմ մեջ եփելով իմ ձևով եմ մատուցում այդ ամենը հանդիսատեսին: Ես առհասարակ չեմ սիրում նմանակել:

11335808_1732867836940346_287128221_n

Մասնագիտությունը` լրագրող

Ես ի սկզբանե չէի ուզում երգչուհի դառնալ: Դա իմ մանկության երազանքը չի եղել: Լրագրողի մասնագիտությունն ընտրելն էլ պատահականություն էր: Սկզբում ես երազում էի ընդունվել լեզվաբանական համալսարան ու դառնալ թարգմանչուհի. անգլերեն շատ էի սիրում: Սակայն ընդունելության մրցույթից դուրս մնացի և հուսահատված ընտրեցի մի բուհ, որտեղ անգլերենի մակարդակը բարձր էր: Ու հետո, էլի պահի ազդեցության տակ, թողեցի միջազգային ժուռնալիստիկան ու գնացի Կոնսերվատորիա, որտեղ սովորեցի դասական վոկալ բաժնում, քանի որ այդ ժամանակ դեռ էստրադային վոկալի բաժինը չկար:

Երբեմն մտածում եմ, որ լրագրությունն ինձ վստահորեն կօգներ ու ես ինձ իրավունք կվերապահեի բարձրաձայնելու թեկուզ հենց շոու-բիզնեսի բազմազան խնդիրների մասին: Ճիշտ է՝ երգը ևս մեծ ուժ է, բայց բավարար չէ պայքարելու համար ամբոխի դեմ: Գուցե, լրագրող լինելով` ես ավելի մեծ ազդեցություն կունենայի նմանատիպ հարցեր լուծելու համար:

Երկրպագություն՝ խենթ ու խելառ

Մի տղա կար, ով վերցել էր իմ հարսանեկան զգեստով ֆոտոշարքի նկարները, որն արվել էր «Հարս» հանդեսի համար, և ֆոտոշոփով մեզ դարձրել էր հարս ու փեսա ՝ մի ամբողջ ալբոմ պատրաստելով: Հետո իմացել էր մեր տան հասցեն, հաճախակի գալիս էր, մեր նկարները դնում դռան առաջ ու գնում: Հետո հայրիկս ստիպված եղավ նրա հետ խոսել, որովհետև իրեն իրոք ներշնչել էր, որ պիտի ամուսնանանք:

Մի տղա էլ կար, ով իմ բոլոր ելույթների ժամանակ բարձրանում էր բեմ նստում գետնին կամ եթե դաշնամուր կար, նստում էր դաշնամուրի դիմաց ու ձևացնում, թե նվագում է: Երբեմն էլ գալիս էր, պատուհանիս տակ 7 մոմ վառում: Տարօրինակն այն էր, որ ես նրանցից չէի վախենում: Կան երկրպագուներ էլ, ում հետ արդեն ընկերներ ենք դարձել: Մի աղջիկ կար Կապանից, ով իմ բոլոր համեգներին գալիս ու լաց էր լինում, հետո իմացա, որն նա իմ մեջ իր մահացած մորն էր տեսնում:

1625716_785896174757983_1765313834_n

90-ականներ. տվածն ու տարածը

90-ականներն ինձնից ոչինչ չեն տարել. դա իմ կարիերայի սկիզբն էր: Այդ տարիները ինձ միայն տվել են: Միայն մի փոքր առողջությունս է վնասվել, քանի որ 90-ականներին համերգասրահներում պայմանները շատ վատն էին:

Իսկ մենք՝ երգչուհիներս, ցուրտ դահլիճներում բեմական թեթև զգեստներով էինք ելույթ ունենում: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, 90-ականներն ինձ տվել են կայանալու, ինքնաարտահայտման, ինքնաձևավորման ճանապարհ: Այդ տարիներին ես մեծացա և՛ ստեղծագործական, և՛ անձնական առումով:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին