Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված որոշման նախագծին, համաձայն որի վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե: Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձիք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Ըստ այդմ, վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից: Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
ԲՀԿ խմբակցության անդամ Րաֆֆի Գյոզալյանը, չնայած գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը, այնուամենայնիվ ավագանու քննարկմանն էր ներկայացրել որոշման նախագիծ, համաձայն որի առաջարկվում էր որոշակի փոփոխություններ կատարել ավագանու կանոնակարգում: Հարցի առնչությամբ քննարկումներից հետո ձայների 33 դեմ, 15 կողմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ ավագանին մերժել է կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին առաջարկը:
Օրակարգում ընդգրկված մնացած բոլոր հարցերը արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:
Ավագանու հերթական նիստը որոշվել է գումարել սեպտեմբերի 9-ին:
Երևանի ավագանին այսպիսով ավարտել է 3-րդ նստաշրջանի աշխատանքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն