▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկացա, որ անիմաստ է իմ` Հայաստանում ապրելը. Գնել Սարգսյան

Life.Panorama.am-ը գրում է. Արդեն բավական ժամանակ է, էկրաններին չենք հանդիպում  դերասան Գնել Սարգսյանին: Ավելին, հեռուստադիտողի համակրանքը ձեռք բերած երիտասարդ դերասանը մեկ տարի առաջ ժամերի ընթացքում որոշում կայացրեց ու մեկնեց Հայաստանից: Life.Panorama.am-ը կապ է հաստատել նրա հետ՝ իմանալու, թե ինչո՞վ է հիմա զբաղված, ի՞նչն էր հապճեպ որոշման պատճառը և որքանո՞վ է գոհ այսօրվա կարգավիճակից: 

-Տևական ժամանակ է, որ Հայաստանում չեք: Որտե՞ղ եք գտնվում, ի՞նչ եք անում:

-Ապրում եմ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Այնպես չի, որ սա իմ երազանքների քաղաքն էր, պարզապես այդպես ստացվեց: Կյանքը թելադրեց: Մտածել էի որոշ ժամանակով մնամ, բայց, կարծեք թե գնալով երկարում է մնալս: Սկզբում, բնականաբար, չգիտեի՝ ինչո՞վ եմ զբաղվելու, բայց մի քանի ամիս առաջ այստեղի հայկական եկեղեցու քահանայի հետ բացեցինք եկեղեցասեր երիտասարդաց միություն: Նաև հայկական դերասանական ստուդիա ենք բացել, պարի խումբ: Ասեմ, որ անվճար հիմունքներով են: Երեխաներից շատերը հայերենին դժվար էին տիրապետում, բայց այդ խնդիրները մեծամասամբ հաղթահարվել են, նույնիսկ «Մկների ժողովը» ներկայացումն ենք բեմադրել: Նաև տեղի ռուսական թատրոնում զբաղվածություն ունեմ: Չէի պատկերացնում, որ կստացվի, քանի որ ռուսերենի հետ մի քիչ խնդիր ունեի,գումարած՝ առոգանությունս: Սակայն ռեժիսորը վստահեց: Արդեն իսկ ներառված եմ նաև ամանորյա ներկայացումների մեջ: Այստեղ մեծ հայակական համայնք կա: Բոլորի հետ էլ մտերիմ եմ, շփվում եմ: Հայ համայնքն էլ ունի իր թատրոնը, որին հնարավորությանս սահմաններում օգնում ու աջակցում եմ, իրենց կողքին եմ:

-Ձեր կինը, երեխան նույնպե՞ս այդտեղ են:

-Այո, մի քանի ամիս առաջ ընտանիքիս բերեցի այստեղ, միասին ենք: Կինս անգլերենի մասնագետ է: Այդտեղ դասավանդում էր, հիմա այստեղ էլ հետաքրքրվում ենք,փնտրտուքի մեջ է: Արձագանքներ արդեն կան: Տեսնենք, ինչ կլինի:

-Գնել, փաստորեն որոշել եք հաստատվե՞լ այդտեղ:

-Գիտեք, մի գեղեցիկ խոսք կա, եթե չեմ սխալվում, Գևորգ Էմինն է ասել. «Որտեղ երկու հայ հանդիպում են, միևնույն է, նրանք երեքով են, քանի որ իրենց արանքում աննկատելիորեն տեղավորվում է Հայաստանը»: Հայաստանն իմ, բոլոր հայերի երկիրն է: Երբ մի քանի ամիս առաջ հայ-ադրբեջանական սահմանին դեպքեր տեղի ունեցան, նույնիսկ պատրաստվում էի վերադառնալ: Հայաստանը միշտ իմ մեջ է, անկախ նրանից՝ որ երկրում կամ քաղաքում կլինեմ… Առայժմ այստեղ եմ ու երևի թե երկար ժամանակ այստեղ կմնամ: Տեղս մոտ է, գնալ-գալու խնդիր չկա: Բոլորովին չեմ զգում, որ Հայաստանից դուրս եմ գտնվում. հետևում եմ իրադարձություններին, ամեն ինչից տեղյակ եմ: Մի բան հաստատ է. ես այստեղ կարողանում եմ որոշակի համահայկական հարցեր լուծել և հնարավորության սահմաններում օգտակար լինել և հայ խոսքին, և հայ եկեղեցուն… Կարևորը հայապահպանության խնդիրներն են:

-Հայաստանում բավական կայացած դերասան էիք, զբաղվածության խնդիր, կարծեք թե, չունեիք, անընդհատ էկրաններին էիք: Ձեր հանկարծակի գնալը որոշակի խոսակցությունների առիթ դարձավ: Շատերն ասում են, որ դուք Հայաստանից նեղացած, վիրավորված եք գնացել: Ի վերջո, այդ կտրուկ որոշման հիմնական պատճառը ո՞րն էր:

-Գիտեք, դժվար թե գտնվի մի հայ, որ կկարողանա նշել Հայաստանից հեռանալու հիմնական պատճառ: Համբերության բաժակը կաթիլներից է լցվում, դա կոնկրետ մեկ պատճառ չի լինում: Ես մի քանի ժամում հասկացա ու զգացի, որ անիմաստ է իմ՝ Հայաստանում ապրելը. չեմ կարողանում որպես հայ օգտակար լինել իմ հայրենիքին, նաև, որպես հայր և ամուսին՝ իմ ընտանիքին: Երևի կհիշեք, «Շանթ» հեռուստաընկերության հետ կապված դեպքից հետո մեկ տարի, տարի ու կես ոչ մի տեղից ոչ մի հրավեր չունեի: Պարզ է պատճառը, թե ինչու. այդտեղ այնքան էլ չեն սիրում, որ մարդիկ իրենց իրավունքները պաշտպանում են, ունեն սեփական ԵՍ ու տեսակ: Իսկ ես չեմ կարող իմ բնավորությունը փոխել 35 տարեկանում: Ապրել Հայաստանում և չզբաղվել այն գործով, որին կյանքիդ 20 տարիներն ես նվիրել, չէի կարող: Բայց ասեմ, որ ես դիտավորյալ ընտրեցի մոտիկ տեղ, որպեսզի, եթե երբևէ ունենամ լավ ու հետաքրքիր հրավեր, կարողանամ աջակցել: Բայց հիմնական վերադառնալն առայժմ բացառվում է: Ընդհանրապես, վիրավորված եմ և քաղաքական գործիչներից, և երկրի այսօրվա «տերերից»,  որոշ մարդկանց մտածելակերպից: Այդտեղ երբեմն նորմալ, լավ, հայ տղամարդուն դարձնում են չգիտեմ ինչ…

-Ձեր կինն ինչպե՞ս վերաբերեց Ձեր հեռանալուն, հիմա Ձեր ընտանիքի Հայաստանից դուրս գտնվելուն:

-Ինքը շատ լավ գիտակցում է, որ հեռանալն իմ սրտով էլ չի, բայց, բնականաբար, իմ որոշումները հասկանում, ընկալում և նույնիսկ աջակցում է: Իհարկե, ինձ համար էլ շատ դժվար էր: Ես մի քանի տարի երեխա չէի ունենում, երբ ունեցա, իր ամենալավ՝ «բլբլալու» շրջանում կողքին չէի: Դա իմ մեջ «եփվում» էր, վառվում էի: Փառք Աստծո, հիմա կողքիս են ու ամեն ինչ անում եմ, որ կնոջս համար էլ այստեղ հետաքրքիր լինի, որպեսզի չտարվենք հիշողություններով, կարոտով: Միշտ էլ այդպես է, հայրենիքի նկատմամբ կարոտը կարող է խեղդել: Ես արդեն որերոդ անգամ սիրահարվում եմ իմ կնոջը: Այստեղ արդեն ունենք ընդհանուր ընկերներ, ընկերուհիներ, որոնց հետ շփվում ենք, հետաքրքիր ժամանակ անցկացնում: Ճիշտ է, երբ քո հողի մեջ ես, քո ծնողի կողքին, ավելր լավ է: Բայց դժգոհ չեմ, դժվարություններն անցնում են: Հավանաբար, ամռանը կգանք մի քանի օրով հանգստանալու: Ովքեր կկարդան, թող իմանան, երբ կանցնեն այս տարածքվով, թո համենան իմ տուն, ես սպասում եմ սիրով, բոլորի կողքին եմ:  

-Գնել, այդտեղ վարձակալության հիմունքներո՞վ եք ապրում, թե՞ բնակարան եք գնել, քաղաքացիություն ձեռք բերել:

-Դժվար թե երբևէ այստեղի քաղաքացիություն ունենամ, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Որքան էլ դա իմ շահերից բխի, չեմ «փոխարինի» անձնագիրս, եթե չլինի «երկուսը մեկում» (ծիծաղում է): Այո, ապրում եմ վարձով, Երևանի տունս չեմ պատրաստվում վաճառել: Եթե գործերս լավ ընթանան, ձեռք կբերեմ անշարժ գույք: Տեսնենք:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին