▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարյուրամյակի կապակցությամբ կստեղծվի ևս մեկ երգ` «Ճանաչի՛ր, փիսիկ»

armcomedy.com-ը գրում է. Մեզ հասած հավաստի աղբյուրների համաձայն` Թուրքիայի նկատմամբ ճնշումները էլ ավելի մեծացնելու նպատակով այս պահին ստեղծվում է ևս մեկ երգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին` «Ճանաչի՛ր, փիսիկ»։ Մտահաղացման հեղինակ, պրոդյուսեր Նորայր Ռիչարդյանը պատմում է. «Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ «Don’t deny» – ը հայտնվել է համացանցում, բայց արդեն կարելի է նկատել այն համատարած խուճապը, որը սկսվել է Թուրքիայի իշխանությունների մոտ։ Պատճառը` «Don’t deny, baby» արտահայտությունն է։ Այո, անսպասելի ու դիպուկ հարված` Baby: Նրանք մեզնից սպասում էին ագրեսիա, երկարաժամկետ քայլեր ու գործողություններ, իսկ մենք անկանխատեսելի գտնվեցինք ու նրանց հետ խոսեցինք «baby»-ով»։

Ռիչարդյանի խոսքերով` հենց դրանից էլ ոգեշնչված, իրենց թիմը որոշեց ևս մեկ երգ ստեղծել, կիրառելով փաղաքշական մեթոդը։

«Նոր երգը` «Ճանաչի՛ր, փիսիկ»-ը, կլինի էլ ավելի կործանարար հարված Թուրքիայի իշխանություններին։ Եթե Baby բառը իր մեջ ավելի շատ դրական երանգներ է պարունակում, ապա փիսիկի դեպքում մենք գործ ունենք երկիմաստության հետ` փիսիկ, այսինքն փոքրիկ, մազոտ կենդանի, որը նաև վախկոտ ու անվճռական է»,- բացատրել է Ռիչարդյանը։

Նոր երգի խոսքերի ու երաժշտության հեղինակները նույնպես արդեն հայտնի են։ Խոսքերը կգրի Բարսեղ Ավետյանը, իսկ երաժշտությունը` նույն ինքը Ռիչարդյանը։ «Շատ հետաքրքիր մեղեդի կլինի. սկզբում հանգիստ, հետո կզարգանա, իսկ վերջում սենց` «ճանաչի~ր, փիսիկ, ճանաչի~ր…»»,- պատմել է Ռիչարդյանը։

Երգը կկատարեն բոլորովին անհայտ երգիչներ ՀՀ յուրաքանչյուր մարզից և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից։ Տեսահոլովակում կլինի 150 հոգի։ Ըստ ռեժիսորիի` թիվը խորհրդանշում է 1.5 միլիոն հայերին, ուղղակի պետբյուջեից չկարողացան այդքան շատ գումար ստանալ ու 150 հոգուց ավել մարդ չստացվեց ներգրավել։ «Նրանք բոլորը կկրեն անմոռուկներով հագուստ` երկրի լավագույն դիզայներների կողմից, իսկ տեսահոլովակում առավել բարետես լինելու համար կայցելեն երկրի ատամնաբուժարաններից մեկը, որը մի հիանալի ակցիա է կազմակերպել 100-րդ տարելիցին ընդառաջ (տես ֆոտո 2,- խմբ.)»,- մեծ ոգևորությամբ պատմել է տեսահոլովակի ռեժիսորը։

Նյութը` սկզբնազբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին