▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիարության անդամ Արփինե Հովհաննիսյանի  ելույթը ԵԽԽՎ-ում ցեղասպանության հարցի շուրջ:

Հարգելի գործընկերներ,

Այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի` նկար սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել:

Մեկ այլ գործընկեր Ռզայեվը րոպեներ առաջ փաստերի հերթական խեղաթյուրման վառ օրինակ ցույց տվեց, այս անգամ իբր մեր կողմից փակ արխիվների հետ կապված, ինչը իհարկե չի համապատասխանում իրականությանը:
Իսկ հիմա թույլ տվեք անցնել իմ ելույթին:

Ուղիղ հարյուր տարի առաջ` 1915թ. ապրիլի 24-ին, Կոստանդնուպոլսի հայկական հսկա համայնքի սերուցքը ձերբակալվեց և ոչնչացվեց: Դա քսաներորդ դարի առաջին` Հայոց Ցեղասպանության սկիզբն էր:

Թվում է` հարյուր տարի անց ոչինչ էլ չի փոխվել: Մենք չմիջամտեցինք նացիստական Գերմանիայում կատարվողին` մինչ պատերազմն ինքը չթակեց մեր դուռը: Ռուանդայում մենք դավաճանեցինք մի ամբողջ ժողովրդի` մինչ դիվանագիտական եզրույթներով խուսափում էինք կոտորածն իր անվամբ կոչելուց: Կամբոջիայի ցեղասպանությունը մենք անգամ չնկատեցինք: Սուդանի պարագայում օգտագործում ենք բառը, որովհետև ոճրագործն Արևմուտքում բարեկամներ չունի: Սիրիայում և Իրաքում մենք հետևում ենք բոլոր ոչ-սուննի փոքրամասնությունների ընթացող ցեղասպանության նորություններին և շարունակում ենք դատարկ ու սին հայտարարություններ և դատապարտումներ հրապարակել, որոնք որևէ կերպ չեն կարող կասեցնել նույն այդ փոքրամասնությունների բնաջնջմանն ուղղված մոլի արշավը: Եվ դարձյալ մենք աճպարարում ենք սարսափազդու «Ց»-ով սկսվող բառին հարող այլ բառերի հետ, որովհետև եթե հանկարծ համարձակվենք արտաբերել այդ բառը, կզայրացնենք մի կարևոր դաշնակցի` արյունարբու մի դաշնակցի: Բացի այդ` բառն արտասանելու պատճառով պարտավոր կլինենք միջամտել, իսկ միջամտել մենք չենք ուզում և չենք միջամտելու: Եվ քանի որ ոչնչացող փոքրամասնություններին փրկելու հարցում նավթային շահեր մենք չունենք` ցեղասպանությունը շարունակվում է:

Հարյուր տարի անց` մենք Եվրոպայում կարծում ենք, որ ավելի լավն ենք, ավելի քաղաքակթրված և մեծապես հղկված և կարծում ենք թե Երրորդ Ռեյխի օրերն այնքան հեռվում են մնացել … Եվ իհարկե, մենք անչափ սխալ ենք, անչափ մոլորված և անչափ կեղծավոր:

Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին և Սիրիայի իր բազում դաշնակիցների` ամենատարբեր ապստամբների և իհարկե` Իսլամական Պետության հետ միասին, այս անգամ անուղղակիորեն դարձյալ և մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Եվ անում է դա նույն վճռականությամբ, և նույն ֆանատիզմով:

Մենք հրաշալի գիտենք թե ինչ է եղել այն ժամանակ և հրաշալի գիտենք թե ինչ է տեղի ունենում այսօր: Եվ դարձյալ նախընտրում ենք լռությունը` խղճի խոսքից: Մենք նույնն ենք մնացել և դրա արդյունքում առավել բարբարոս մի Չորրորդ Ռեյխ է հառնում այսօր քաղաքակրթության բնօրրանում …

Հարյուր տարի անց` պարզվում է, որ «Ց»-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի Պապ, Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռևս զգուշանում են արտաբերել:

«Ցեղասպանությունն» այն բառն է, որ պե’տք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից` որ հետևում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո` Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր և այո’ մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո` մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին` մեկ այլ հանցանք է ինքնին:

Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը: Եվ այո` հանցավոր անտարբերությանը նույնպես:

Շնորհակալություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին