▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարիսայի փառատոն` Թբիլիսիում

    Մարտի 2-ին, Բուն Բարեկենդանի տոնը  Վիրահայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի  Սուրբ Էջմիածին եկեղեցում  մատուցված  Սբ. Պատարագով, որի պատարագիչն էր  Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:   Տոնական   օրվան էր նվիրված նաև  «Հարիսա-2014»  փառատոնը, որը   Վիրահայոց թեմի  աջակցությամբ կազմակերպել էին  Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և «Հայարտուն» կենտրոնը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս  փառատոնը,  տարեցտարի  ընդարձակվելով   վեր է  ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը  ներկայանում է  տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային ճաշատեսակով: «Հայիսա-2014» փառատոնին  մասնակցեցին նաև մեր հայրենակիցները  Արցախից  և Ջավախքի  առաջնորդական փոխանորդությունից: Արցախից  փառատոնի մասնակիցների այցին աջակցել էր  ԼՂՀ  երիտասարդության և սպորտի նախարարությունը: 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած տոնահանդեսին իրենց ներկայությունն էին բերել  Վիրահայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն  Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ  Վարդապետյանը, Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական տիկին Սոֆիո Շամանիդին և հոծ հասարակություն:

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա  կարևորեց  ավանդական միջոցառման նպատակը՝  ներդաշնակվելով Մեծ Պահքի նախօրեին նշվող  Բուն Բարեկենդանի  տոնի հետ, պահպանել և  սերունդներին փոխանցել  ազգային  այս կերակրատեսակը, ժողովրդական ավանդույթները  և սովորությունները:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը  շնորհավորեց  ներկաներին  Բուն Բարեկենդանի  գեղեցիկ տոնի առիթով,  իրազեկեց նաև  մեկ այլ տոնի՝ դիվանագետի օրվա մասին, որը  նշվում է  մարտի  2-ին:  Դեսպան  Հովհաննես Մանուկյանը  բարձրաձայնեց  մայր հայրենիքի   պարգևներին արժանացած  թբիլիսահայ  համայնքային գործիչներին:  Նա Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի  համակարգող Լևոն Չիդիլյանին  փոխանցեց ՀՀ  Մշակույթի  նախարարության ոսկե մեդալը, թեմի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Գաբոյանին հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության  «Մայրենիի պաշտպան» մեդալը, իսկ Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանին  և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանին՝ Սփյուռքի  նախարարության պատվոգրերը

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադարձ կատարելով  օրվա խորհրդին՝ Սուրբ Զատիկին նախորդող  Մեծ Պահքի 48- օրյա ժամանակաշրջանին,մաղթեց ներկաներին բարեկենդանի շնորհով մարմնապես ամրացած,  հոգով  և հավատքով հզորացած պատրաստվել   դիմավորելու  Փրկչի  հրաշափառ  Հարության տոնը:

Սրբազան հոր կողմից օրհնվեցին սրահի  երկայնքով   սեղաններին շարված  հարիսայով  կաթսաները:  

     Այնուհետև Արցախից ժամանած  Մարիամ Փիլավյանը  ներկայացրեց  Արցախում  Բուն Բարեկենդանի տոնի հետ կապված  սովորությունները և ավանդույթները:

Ու հնչեց  ուրախ երգն ու երաժշտությունը  «Հայարտուն» կենտրոնում: Ու  սկսվեց հարիսայի համտեսն ու  հյուրասիրությունը: Դահլիճում   մեկը մյուսին հետևեցին  փորձված և  նաև սկսնակ   կատարողների և համույթների ելույթները:  Մինչև  ուշ  բուն բարեկենդանի  և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը  թևածում էր շուրջբոլորը:

                                                                                  Վիրահայոց թեմի մամլո դիվան   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին