Վերջին օրերին, չգիտեմ թե ում թեթև ձեռքով, ի հայտ է եկել մի հետաքրքիր եզրույթ՝ «մասնակցել հանրահավաքին»: Լրագրողներն աջ ու ձախ ընկած ում ասես ուղղում են նույն հարցը՝ «Իսկ Դուք մասնակցելո՞ւ եք հանրահավաքին»:
Նախ հարց է ծագում՝ իսկ ինչ է նշանակում «Մասնակցել հանրահավաքին»: Ֆիզիկապես ներկա գտնվել այնտե՞ղ: Համենայն դեպս, «Հավաքների ազատության մասին» օրենքի հիմքում հենց այդ տրամաբանությունն է դրված: Սակայն պարզ է, որ խոսքը դրա մասին չէ: Նվաստս հետաքրքրության համար ներկա է գտնվել հարյուրավոր հանրահավաքների, բայց դրանից ամենևին էլ չի բխում, որ կիսել է հնչեցվող գաղափարները կամ սատարել հնչեցնողների որդեգրած ուղեգիծը: Սա հասկանալի է յուրաքանչյուրին: Սակայն ստվերային պրոպագանդիստների վերածված որոշ լրագրողներ իրենց հարցադրման մեջ դնում են այլ ենթատեքստ՝ ակնարկելով, որ հանրահավաքին ներկա գտնվելը նշանակում է այսպես կոչված եռյակի սատարում, քանզի «առկա է իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություն»:
Հիասթափեցնեմ՝ ներկա գտնվելը, նույնն է թե մասնակցելը, կարող է նշանակել պարզապես հետաքրքրություն, իսկ իրավիճակի փոփոխության հնարավորություն, ցավոք, առկա չէ: Իհարկե, եթե իրավիճակի փոփոխության տակ հասկացվում է նեխած կապիտալիզմի կարկառուն ներկայացուցիչների մի խմբի փոխարինումը մյուսով՝ դա այլ հարց է, բայց դա ամենևին էլ չնշանակեց, որ նման փոփոխության դեպքում այն շարքային քաղաքացին, որի սատարումն ականկալում են հանրահավաքի կազմակերպիչները, կսկսի ապրել փաշայի պես, օգտվել անվճար առողջապահությունից կամ կրթությունից: Չմոռանանք, որ այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներից մեկի իշխանության օրոք էր, որ առողջապահությունն ու կրթությունը դարձան վճարովի, վերացվեց բնակարանային ապահովումը, կործանվեց արդյունաբերությունը, իսկ գյուղացին հանձնվեց հողին: Իսկ կազմակերպիչներից մյուսը 5 տարի եղավ իշխանության շարքերում, սակայն դրանից ժողովուրդը լավ ապրել չսկսեց, ընդհակառակը՝ սկսեց ապրել ավելի վատ:
Ուստի՝ եթե մարդիկ չգիտեին, որ չեն կարող բան փոխել, բայց ներգրավվել էին իշխանական կոալիցիայում՝ սա կոչվում է հանցավոր անհեռատեսություն, իսկ եթե գիտեին՝ հանցավոր մասնակցություն երկրի կործանմանը: Երկու դեպքում էլ նման ուժի երկիր վստահել չի կարելի:
Չի բացառվում, որ այսօր հետաքրքրության համար ներկա գտնվեմ հանրահավաքին: Սակայն եթե գտնվի մեկը, ով փորձի դրա հիման վրա նվաստիս դասել եռյակի կողմնակիցների շարքին՝ նա հաստատ ունի ինտելեկտի խնդիր: