Մինչև հոկտեմբերի 10-ի հանրահավաքը տեղի ունեցած մարզային այցելությունների ընթացքում հնչող մտքերը և կրկին քառյակ դարձած եռյակի վերջին հանրահավաքում հնչող որոշ մտքեր ոչ միայն իրար չէին համապատասխանում, այլև երբեմն հակադիր էին։ Օրինակ, մարզային այցելությունների ժամանակ հնչում էր այն միտքը, որ ժողովուրդն է որոշելու քաղաքական օրակարգը և անելիքը, իսկ հանրահավաքի ընթացքում պարզվեց, որ քաղաքական օրակարգն ու գործողությունների ընթացքը որոշելու է բացառապես քառյակը։
Կամ, օրինակ, իշխանափոխության խնդիրը․ մարզային այցելությունների ժամանակ հայտարարվում էր, որ համախմբման նպատակն իշխանափոխությունն է, մինչդեռ հանրահավաքի ժամանակ պարզ դարձավ, որ խոսքը գնում է, մասնավորապես, սահմանադրական ճանապարհով խաղաղ իշխանափոխության մասին, որի վերաբերյալ ոչ մի ստույգ բան չասվեց։
Այնպես որ մարզային այցելություններից հետո եռյակ-քառյակը, փաստորեն, հանրահավաք էր հրավիրել նախ, փոխելու որոշ շեշտադրումներ, ապա նաև ցուցադրելու, թե ովքեր են կանգնած այս շարժման առաջին գծում, նաև տեսնելու, թե որքան մարդ կհավաքվի այդ օրը հրապարակում, և, վերջապես, հայտարարելու, որ դեռ ասելիք ունի հանրությանը։
Մովսես Դեմիրճյան