Հնարավո՞ր է արդյոք լուծել ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի օգտին: Պատասխանելով minval.az ադրբեջանական կայքի այս հարցին, ռուս քաղաքագետ, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաեւը պատասխանել է. "Այո, բայց դա երկարատև էվոլյուցիայի խնդիր է: Պետք է զինվել համբերությամբ":
Ըստ ռուս փորձագետի, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կստիպի Երևանին տարածքային զիջումների գնալ ղարաբաղյան հարցում:
"Եկեք, օրինակ, տեսնենք, թե ինչ է փոխվել վերջին հինգ տարիների ընթացքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը սաստկացրել է ՀՀ շրջափակման գործոնը: Այս ֆոնին հնարավոր է դարձել փոխել Հայաստանի հասարակական կարծիքը փոխզիջման օգտին: Ադրբեջանի ռազմատեխնիկական զարգացումը իր
հերթին ավելի նշանակալի գործոն է դառնում պաշտոնական Երեւանի վրա ճնշում գործադրելու համար, ստիպում ՀՀ վերնախավին նյարդայնանալ: Տնտեսական ճգնաժամից դուրս գալու ցանկությունը ավելացնում է "տարածքներ տրանսպորտային միջանցքների դիմաց" բանաձևի կողմնակիցների թիվը: Այսինքն տարբեր
կողմերից ուժեղանում են ճնշումները Երևանի վրա և նվազում են մանևրելու նրա հնարավորությունները", - նշել է Ա. Կարավաեւը:
Ռուս քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի ռազմական հնարավոր օպերացիան Հայաստանի և ԼՂՀ դեմ հազիվ թե հաջողությամբ պսակվի: Այդ պատճառով էլ Բաքուն պետք է համբերությամբ զինվի` խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:
"Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանի ռազմական գործողությունը, ասենք, հինգ տարի առաջ, հանգեցնել հարցի լուծմանը: Կասկածում եմ: Իսկ եթե այն ձախողվեր՞: Այնպես որ, դրական դինամիկա Բաքվի համար, այնուամենայնիվ, կա: Հետեւաբար, Իլհամ Ալիեւը այս թեմային նվիրված իր ելույթներում պատահական չէ
ընդգծում այն միտքը, թե դիվանագիտական ռեսուրսները Բաքուն դեռ չի սպառել", - ասել է մոսկվացի փորձագետը:
Ալեքսանդր Կարավաեւը ընդունում է այն կարծիքը, թե Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններն այսօր վերելք են ապրում: "Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար "վերելք" սահմանումը միանգամայն թույլատրելի է, բայց երկկողմ կապերի դինամիկան նշմարվում էր նաև անցյալում: Մոսկվայի
ու Բաքվի կառուցողական ու պրագմատիկ հարաբերություններն իրականություն դարձան Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հոր`Հեյդար Ալիեւի առաջին հանդիպումներից հետո: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում, անշուշտ, եղել են և անկումներ, բայց ընդհանուր դինամիկան, կրկնեմ, բնորոշվում է
կայուն զարգացող հարաբերություններով: Օբյեկտիվորեն դա հազվագյուտ օրինակ է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ֆոնի վրա և շահեկանորեն առանձնանում է ՌԴ ԱԳՆ-ի մյուս ուղղություններից: Հիմա այդ հարաբերություններն առավել գրավիչ են, քանի որ Ադրբեջանը, չդիմանալով
Արեւմուտքի քաղաքական ճնշումներին, հայտնվել է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական նույն հատվածում:
Օբյեկտիվ իրողությունների ազդեցության պատճառով Ադրբեջանը գտնվում է պայմանական բարիկադների հակաարևմտյան սեկտորում, որի ոչ ֆորմալ ղեկավարը ներկայում Ռուսաստանն է, Մոսկվան է հիմա գլխավորում այս ճամբարը:
Այնպես որ, նոր պայմաններում ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են հարաճուն զարգացման փուլում, առաջին հերթին`տնտեսական ոլորտում: ՌԴ-ն ու Ադրբեջանը կանգնած են նույն խնդիրները կարգավորելու անհրաժեշտության առջև. խոսքը նախևառաջ ոչ հումքային ապրանքների արտահանման և արտարժույթի ներհոսքի ապահովման մասին է: Բացի այդ, Բաքվի եւ Մոսկվայի էլիտան
ընդհանուր պատմա-քաղաքական բեքգրաունդ ունի: Մեր երկրները միանման ուղղվածություն ունեն նաև իշխանական համակարգը պահպանողական մոդելով, այսպես կոչված`"ոչ լիբերալ ժողովրդավարության" սկզբունքով ձևավորելու խնդրում: Գոյություն ունի փոխազդեցության ևս մեկ գործոն. դա ադրբեջանական
բիզնես-էլիտայի շահերն են Ռուսաստանում: Մենք գտնում ենք, որ այդ բաղադրիչների ու մի շարք այլ գործոնների տեսանկյունից Ադրբեջանը Ռուսաստանի համար գուցեև ավելի մտերիմ գործընկեր է, քան ՌԴ-ի այլ դաշնակիցներ ԱՊՀ-ում":
Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս վերելքը ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Մոսկվան բացահայտորեն կանցնի Ադրբեջանի կո՞ղմը, թե՞ պարզապես կսահմանափակի սպառազենի մատակարարումների ավելացմամբ:
Ադրբեջանցի լրագրողի այս հարցին ռուս փորձագետը տալիս է շատ պարզ ու անկեղծ պատասխան.
"Ժամանակակից զենքի մատակարարման ավելացումը Մոսկվայի կողմից ինքնին արդեն մեծ աջակցություն է Բաքվի դիրքերի ուժեղացման համար: Բայց Ռուսաստանը մտադիր է կարգավորել այս հակամարտությունն
այնպես, որ երկու դաշնակիցներն էլ մնան իր ուղեծրում: Ահա այս խնդիրը շատ ավելի բարդ գործ է, քան կարգավորման գործընթացի պարզապես հեռավոր, "ներգրավված" կառավարումը: Ղարաբաղի հարցում Մոսկվայի համար որոշիչ չէ այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը ընտրել
է "Չմիավորման շարժման" դաշինքին անդամակցելու ռազմավարությունը: Այդ փաստը Երևանին է հիասթափեցնում":
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ Ուժ Պլյուս"