▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հալեպի հայերը պիտի օր առաջ տեղափոխվեն Հայաստան»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «1908 թվականի հուլիսին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զինված ապստամբությունից հետո երիտթուրքերը մեծ խոստումներ էին տալիս հայերին։ Նույնիսկ շքեղ նվերներով էին հայերին դիմավորում Նիազի և Էնվեր բեյերը, հայ քաղաքական ու մշակութային գործիչներն էլ ոգևորված էին, թե հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Չանցած 1 տարի՝ 1909 թվականի ապրիլի սկզբին Ադանայում ու Հալեպում (այն ժամանակ Թուրքիայի տիրապետության տակ) թուրքերը կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդեր։ Բանտերից հանեցին 500 հանցագործների և ուղարկեցին հայերի վրա։ Մոտ 10 օրվա ընթացքում Ադանայի ու Հալեպի շրջաններում սպանվեց ավելի քան 30,000 հայ, որից 20 հազարը՝ Ադանայում, 10 հազարը՝ Հալեպում։

Մեր ժամանակներում՝ 2024-ին, երբ Սիրիայում իշխանության են հասել Թուրքիային ենթակա զինված խմբավորումները, Հալեպում հայերի հետ հանդիպած նրանց ներկայացուցիչները կրկին խոստացել են ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը։ Իսկ ահա Էրդողանը հայտարարել է, թե Հալեպը նորից լինելու է Թուրքիայի ենթակա տարածք։

Հիմա լսում եմ ժամանակակից հայ քաղաքական ու մշակութային գործիչներին։ Շատերը կրկին ոգևորված են, թե Սիրիայի թուրքական իշխանությունները խոստացել են, Հալեպի հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Վախենամ, ամիսներ հետո ականատես լինենք նոր ողբերգության։ Ախր ո՞նց կարելի է կրկին հավատալ մի երևույթի խոստման, որը կոչվում է թուրք և ահաբեկիչ։

Իմ կարծիքով, Հալեպի հայերը պիտի օր առաջ տեղափոխվեն Հայաստան՝ վաճառելով իրենց ունեցվածքը և այստեղ նոր տուն ստեղծեն, այլապես մեծ է վտանգը, որ կզրկվեն ամեն ինչից, եթե կարողանան կյանքը պահպանել։

Սիրիան մեր հայրենիքը չէ, որ ամեն գնով փորձենք հայերի գոյությունը այնտեղ պահպանել։ Եթե կա կենսական վտանգ, պետք է կանխել այն ու հեռանալ՝ զերծ մնալով ցեղասպանության վտանգից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին