azatutyun.am-ը գրում է. Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի իրավական հիմքերը: Ծավալուն փաստաթղթում, որն ընդդիմադիր կուսակցությունը փոխանցել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան, վկայակոչված են ընտրակեղծիքների բազմաթիվ օրինակներ՝ սկսած քարոզչության շրջանում վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ուրիշի փոխարեն համատարած քվեարկություններ, լցոնումներ։
«Նրանք, ովքեր ասում են, թե մենք փաստեր չունենք կամ չենք հավաքել, չենք բերել, ներկայացրել, նրանք անխտիր ստում են, որովհետև իրականում հավաքված փաստերը, նրանց համադրությունը և վերլուծությունը ապացուցում են մաթեմատիկական ճշգրտությամբ, որ հանրաքվեն կեղծվել է, որ ժողովուրդը իրականում ասել է «ոչ», բայց ժողովրդին ներկայացրել են լրիվ գլխիվայր շուռ տված արդյունքներ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Միաժամանակ ՀԱԿ-ը հանցագործության մասին շուրջ ութ տասնյակ հաղորդում է ներկայացրել իրավապահներին, առաջիկայում ևս 70-ը կուղարկեն, բայց Դատախազությունն առայժմ չի շտապում արձագանքել։
«Անհերքելի ապացույցներ ենք ներկայացնում կատարված հանցագործության մասին, սա շատ ծանր ու կեղտոտ հանցագործություն է ժողովրդի դեմ կատարված։ Մենք ոչ մի բարի կամք չենք սպասում իշխանություններից, բայց մենք գիտենք, որ հասարակական աղմուկը, հանրային այս պարսավանքի մթնոլորտը, միջազգային ճնշումները, նաև որոշ հայտարարություններ եղան էս ուղղությամբ, ամբողջը միասին, եթե մենք կռվենք, պահանջենք, սեղմենք, ինչ-որ արդյունքի կհասնենք»,- ասաց Զուրաբյանը։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում