▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 22.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Գյումրու ավագանին քաղաքապետ է ընտրում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

«Ես քաղաքական հենարան չունեմ, դուք ինչ ուզենաք, կկապեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե «նրա հենարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»։ Ղուկասյանի խոսքով այս պահին ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չի գնում։ «Հետագայում միգուցե լինի։ Երբեք մի ասա` երբեք։

Մեր հիմքը պիտի լինի քաղաքի շահը։ Համերաշխությամբ պիտի աշխատենք, խառնակչություն չլինի, ասած խոսքը պահել, մարդու հետևից դավեր չնյութել։ Մենք բոլորի ծրագրերը կդնենք, կքննարկենք, եթե մյուս ուժերը ավելի լավ ծրագիր ունեցան, անպայման հաշվի կառնենք»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

***

«Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները համայնքի ղեկավարի թեկնածուներ չառաջադրեցին՝ հայտնելով, որ քվեարկելու են «Հայաստանի կոմունիստական» խմբակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի օգտին։

«Ինչքան էլ ուզեցան խառնել, չստացվեց։ Ընդդիմադիր խմբակցությունները համերաշխությունը որդեգրեցին որպես սկզբունք»,- ասաց Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով թե՛ ընտրողներին, և թե՛ խմբակցություններին։

Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:
Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:
Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:
Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:
Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»:

***

«Այսինքն՝ որտեղ չեն կարողանում ընտրվել, արտահերթ ընտրություններ պետք է լինե՞ն, դա լուրջ ա՞»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե Գյումրիում նոր, արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ «Վարչական ռեսուրսով չկարողացան արդյունքի հասնել, հիմա էլ ասում են՝ նոր ընտրություններ, դրա լրջությունը ո՞րն է։ Իրենք չարիք են, երկիրն էս վիճակին հասցնողն իրենք են։ Գոնե թողնեն ընդդիմությունը կարողանա եղածը պահել»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ ոչ մի ճգնաժամ էլ չի լինելու Գյումրու ավագանու ապագա աշխատանքներում, քանի որ ընդդիմությունը միասնական է․ «Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել ՔՊ-ին»։

***

Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է, օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։ Այն վարում է Վարդան Ղուկասյանը (տարիքով ավագը)։ Նրա առաջարկով նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով։ ՔՊ–ն չի մասնակցում Գյումրու ավագանու նիստին

Քաղաքապետ կընտրվե՞ք, Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստից առաջ լրագրողները հարցրեցին Վարդան Ղուկասյանին․ «Նոստրադամուսը չեմ, սպասեք, տեսնենք՝ ինչ կլինի, մի քանի րոպե մնաց, համբերե՛ք»,- պատասխանեց Ղուկասյանը։

***

«Հուսով եմ, որ չենք ունենա նման դեպք»,- ասաց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ն կփորձի ընդդիմադիրներից ձայներ փախցնել․ «Գյումրեցին թասիբով է, նման դավաճանական քայլի չեն գնա»,- ասաց նա։ Հարցին՝ ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանին կձերբակալե՞ն, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց․ «ՔՊ-ն անկանխատեսելի է»։

***

Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստն է։ Օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի ավագանու 14 անդամ։
«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը՝ 8 անդամ։
«Մեր քաղաքը» դաշինքը՝ 6 անդամ։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 անդամ։
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 անդամ։
Համաձայն նախնական պայմանավորվածության՝ ավագանու ընդդիմադիր անդամները պատրաստվում են քվեարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օգտնին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին