▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցու կատա՞կ, թե՞սեղանի գողություն. ՊՈԱԿ-ի տնօրենը պնդում է, որ անհաջող կատակ է արել

ASEKOSE.am-ը նամակ է ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 դպրոցի մանկավարժների կողմից՝ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ նամակի՝ Գյումրու  «Ֆոտոն» վարժարանի մեթոդիստ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  «Հաշմանդամների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, «ԵՀԱԿ» ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը դպրոցից «Ֆոտոն» վարժարանի համար  գրքեր տեղափոխելու ժամանակ գրասեղան է գողացել:

ASEKOSE.am-ը կապ է հաստատել Արա Սուքիասյանի հետ, ով բացատրել է եղելությունը: Թիվ 112 դպրոցի մանկավարժների նամակը և Արա Սուքիասյանի պատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Թե ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՊՈԱԿ-ի տնօրենը գրասեղան գողացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության ՊՈԱԿ-ից

Վերջերս մի տհաճ միջադեպ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 դպրոցում: Գյումրու «Ֆոտոն» վարժարանից մի Ֆորդ-Տրանզիտ մեքենա էր եկել վարժարանի համար գրքեր տեղափոխելու : Բեռնակիրները երկուսն էին՝ 50-ին մոտ մի փոքրամարմին տղամարդ և նրան արտաքինով շատ նման մի երիտասարդ, որը հետագայում պարզվեց որ մեծահասակի որդին էր:  Փոքրամարմին բեռնակիրը շատ ծիծաղաշարժ ջանասիրությամբ էր գրքերը դուրս հանում և լցնում մեքենա և գրավել էր բակում կանգնածների ուշադրությունը: Երբ աշխատանքները ավարտված էին և մեքենան պատրաստվում էր շարժվել, մեկ էլ տեսնենք էս մարդուկը մի իրենից մեծ գրասեղան կրծքին դեմ տված, հեվալով, մի կերպ քարշ է տալիս դեպի մեքենան: Գողունը արագ տղայի հետ քցեցին մեքենան և մարդուկը վարորդին կարգադրեց,- քշի: Մեքենան տեղից շարժվեց  նոր մենք հասկացանք թե ինչ է կատարվում: Գոռգոռոցներով, հարայ-հրոցներով ընկանք մեքենայի հետևից: Բանից անտեղյակ վարորդը, շփոթված, կանգնեց ու զարմանքից քար կտրած մեզ էր նայում, թե ինչու ենք գոռգոռում: Իսկ երբ հասկացավ թե ինչ էր կատարվել, մի ոչնչացնող հայացք նետեց դեպի գրասեղանի գողին:

Հետաքրքիր է, որ էդքան լուտանքները ու նախատինքը լսելով էդ մարդը  ոչ մի ռեակցիա չտվեց, գոնե ամաչեր, փորձեր արդարանալ.որ շփոթել է գրասեղանը գրքի հետ: Նրա փոխարեն վարորդն էր ամոթից կապտել:

Պատկերացրեք ինչքան մեծ էր արդեն մեր զարմանքը, երբ Գյումրու  «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Սամվել Մովսիսյանից  հեռախոսով բացատրություն պահանջեցինք , թե ինչու է իր բեռնակիրը գրասեղան գողանում, հանկարծ պարզվեց, որ նա բեռնակիր չի, այլ վարժարանի մեթոդիստը, հանրապետական կուսակցության անդամ Արա Սուքիասյանն է , ով նաև «ԵՀԱԿ» ՀԿ-ի նախագահն է և համատեղությամբ աշխատում է  որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  «Հաշմանդամների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Մեքենան էլ պատկանում է այդ ՊՈԱԿ-ին: Այսինքն վարորդը՝ գողի ենթական էր: Մեր ականջներին չհավատալով և բոլոր կասկածները փարատելու համար բացեցինք  «ԵՀԱԿ» ՀԿ-ի ինտերնետային կայքը և տեսանք Արա Սուքիասյանի լուսանկարները: Այո , ցավոք սրտի,  գողը Արա Սուքիասյանն էր, պետական պաշտոնյա, որը երևի կարիքից դրդված ՊՈԱԿ-ի մեքենայով «գռդոն» է անում ու մանր-մունր բաներ թռցնում: Մնում է ենթադրել թե իր պաշտոնեական իրավունքներն ինչպես է իրականացնում «պաշտոնյան»:

Թիվ 112 դպրոցի մանկավարժներ

ASEKOSE.am-ի հետ զրույցում Արա Սուքիասյանը նշեց, որ եղել է նման միջադեպ, այսինքն ինքը գրքեր տեղափոխելու ժամանակ նաև սեղան է դուրս բերել դպրոցից, սակայն դա ընդամենը կատակ է եղել.

«Ես հիմա ընդունում եմ, որ անծանոթ մարդկանց հետ, անծանոթ միջավայրում կատակ չի կարելի անել: Բայց մտածեցի, որ անմեղ կատակ է: Սեղանը միջանցքում էր դրված: Վերցրեցի և դուրս բերեցի: Պահակը բավական զգոն էր, անմիջապես արձագանքեց և դուրս եկավ: Մտածեցի՝ երևութականություն ստեղծենք, թե իբր շարժվում ենք:  Սկզբից պահակը հանդուրժեց: Հենց շարժվեցինք, պահակն  արդեն վճռական միջոցներ ձեռնարկեց, մենք անմիջապես վերադարձրեցինք սեղանը: Ես սեղանը տանելու մտադրություն չունեի: Ի՞նչ պիտի անեինք այդ սեղանը: Ես ընդունում եմ, որ հիմար կատակ ստացվեց: Էս տարիքի մարդ եմ, կատակներ որ արել եմ, միշտ ստացվել է: Հիմա երբ Դուք զանգեցիք, ես արդեն ափսոսացի, որ կատակ եմ արել»:

Մեր դիտարկմանը, թե նամակում լուջ մեղադրանք  կա, որ սեղանը գողացել է, պարոն Սուքիասյանը պատասխանեց.

«Անմիջապես վերադարձրել ենք, այդքան աշխարհը  չարացե՞լ է, որ ժպիտ չի հանդուրժում:  Ես փորձել եմ կատակել, բայց ընդունում եմ, որ հիմար կատակ է ստացվել: Եղածը եղած է: Ընդունում եմ, որ պահակի  վրդովմուքն էլ տեղին էր, մարդը պարտավոր չէր իմ կատակը ընկալել և իրեն զուսպ պահել, իր պարտականությունն էր կատարում: Անմիջապես սեղանը թողեցինք»:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին