Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Էդվարդ Ասրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2-ը ուղղությունը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին հայտնել է, որ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվորեն կիրառել է հրթիռային, հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր՝ հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու քաղաքացիական օբյեկտներին։
«Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Զինված ուժերը կրեցին կորուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք նաև տարածքային կորուստներ։ Ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- ասաց Ասրյանը` հավելելով, որ մեծ վնասներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես մինչ այս պահը չի գործում Ջերմուկի ճոպանուղին։ Ասրյանը հայտնել է նաև, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։ «2021 թվականին նրանց գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի գործողությունները ռազմական ագրեսիա էին Հայաստանի Հանրապետության հանդեպ»,- ասաց Ասրյանը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղում ցույց տվեց նաև, թե Ջերմուկի ուղղությամբ որտեղով էր անցնում հայ-ադրբեջանական սահմանը մինչև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և որտեղ են հիմա տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝