▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի քաղաքապետը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշով մեքենան

Թարմացված․ Այսօր տեղեկություն տարածվեց, որ Պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքում կանգնեցրել են օրերս քննարկման առարկա դարձած 000 OO 00 թանկարժեք համարանիշներով «Յաշիկը» (Mercedes G63), որի ղեկին եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Պարեկներն ստուգել են նրա խմածության աստիճանը, և պարզվել է, որ Առուշանյանի մոտ արձանագրվել է խմածության ամենաբարձր աստիճան։ Դրանից հետո Գորիսի քաղաքապետի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, իսկ Առուշանյանը մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից։
Թեմայի շուրջ «Մեդիահաբ»-ը զրուցել է Առուշ Առուշանյանի հետ։ Նա նախ զարմացել է, թե ինչու է մեր ազգը մի քանի օր քննարկում իր մեքենայի թանկարժեք համարների հարցը։

«Մեր երկրում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ մեր քույրեր և եղբայրներ էսօր անտուն են, մենք՝ բոլորս, փոխանակ էսօր միասնական փորձենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծենք, ամբողջ մեդիադաշտը կարծես մենակ մի հատ մեքենայի զրոներով համարանիշից է խոսում ու քննարկում։ Ես ուզում եմ հասկանալ՝ մեր երկրում ուրիշ խնդիր էլ չունե՞նք, որ մեր կյանքի որակը ուզենանք փոխել, մենակ զրոներ ենք դիսկուրս անում ամբողջ դաշտում»,- ասել է Առուշանյանը։
-Զրոները քննարկում են նրա համար, որ մարդիկ տեսնում են՝ կան պաշտոնյաներ, որոնք զրոներով համարներով են փորձում իրենց կյանքի որակը փոխել։ Բայց դա մի օր քննարկեցին, անցան։ Հաջորդը քննարկման թեմա է դարձել այն, որ գրեցին՝ Գորիսի քաղաքապետը խմած մեքենա է վարել, ու նրան մեկ տարով զրկել են վարորդական իրավունքից։ Այդ մասով ի՞նչ կասեք, Դուք խմա՞ծ եք եղել և ինչո՞ւ եք խմած վարել, ինչո՞ւ են Ձեզ զրկել։

-Ես առհասարակ հեռու եմ խմիչքից, որովհետև ամբողջ կյանքս զբաղվել եմ սպորտով՝ բռնցքամարտով, և որպես կանոն՝ խմիչքից շատ հեռու եմ։ Թե ինչու են զրկել, փաստաբանները բողոքարկել են, խնդրի լուծումը, երբ որ օրենքի դաշտում պարզ կլինի, բոլորիդ էլ հայտնի կլինի։

-Ստացվում է՝ Ձեր գլխին սարքե՞լ են պարեկները։

-Ես Ձեզ նման բան չասացի, որ իմ գլխին ինչ-որ մի բան սարքել են, ոչ էլ կարան իմ գլխին ինչ-որ մի բան սարքեն։ Ասացի՝ կա խնդիր, որով փաստաբանները զբաղվում են։ Երբ ամբողջական տվյալ լինի, Դուք օրենքի սահմաններում կտեղեկանաք։

-Այսինքն՝ պնդո՞ւմ եք, որ Դուք խմած չեք եղել այդ պահին։

-(Երկար մտածելուց հետո) Խմած՝ հիմա հարաբերական հարց եք տալիս։ Հիմա ես խմածը կարամ այլ ռակուրսից դիտարկեմ՝ շա՞տ խմած, թե՞ քիչ խմած։ Ձեր հարցին պատասխանեցի, որ առհասարակ, սովորաբար չեմ խմում։

Նա նաև նշել է, որ հիմա իր մեքենան տուգանային հրապարակում չէ:

***

Այսօր՝ մարտի 13-ին, Երևան քաղաքի գնդի պարեկներն իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդն այն վարում է ոչ սթափ վիճակում: Ժամը 00:45-ի սահմաններում պարեկները Թևոսյան փողոցում նկատել են կասկածելի «Յաշիկը»: Կագնեցրել են այն, վարորդին սթափության փորձաքննության ենթարկել: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Պարեկներն ավտոմեքենան տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է: «Յաշիկի» վրա տեղադրված համարանիշն էլ օրեր առաջ գնել էր հայրը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին