«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի հավատում, որ Սահմանադրության փոփոխությամբ երկրի վիճակը կփոխվի: Նրա կարծիքով գործող Սահմանադրությունն էլ չէր խանգարում դրական քայլեր կատարել.
«Գործող Սահմանադրությունը ոչ մի կերպ չի խանգարում՝ վերացնել մենաշնորհը: Այն չունի որևէ արգելք՝ բացառելու հանցագործներին պետական պաշտոնների նշանակելը, գործող Սահմանադրությունը չէ, որ վատնում է մեր քաղաքացիների ծակ գրպանից գոյացող պետական բյուջեի միջոցները: Գործող Սահմանադրությունը չի խանգարում հանցագործի թաթը բռնել ու հանել պետական գանձարանից, պատժել նրան: Ավելին, նման փոփոխություն նախաձեռնելու համար լուրջ բարոյական իրավունք է պետք ունենալ, որը պետք է ձեռք բերվեր մարդու կյանքի որակի փոփոխությամբ, արդյունավետ կառավարում իրականացնելով: Ես այն մարդկանցից եմ, ովքեր սահմանադրական փոփոխություններին հակադրում են սոցիալական ծայրահեղ վիճակում (18.6 տոկոսանոց գործազրկություն,արտագաղթ և այլն) անհրաժեշտ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այսինքն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ անելու ժամանակն էր, այլ սոցիալական և տնտեսական վիճակի բարելավումն էր, որն ավելի հրատապ էր»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Անդրադառնալով «Ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժերին՝ պատգամավորը կարևորեց նրանց աջակցելը.
«Այս գործընթացը սկիզբ է դնելու ՀՀ-ում իրական, ժողովրդի հրամայականով կազմավորված ընդդիմադիր ուժի»,-նշեց Տիգրան Ուրիխանյանը:
Ինչ վերաբերում է հանրաքվեին մասնակցելուն, պատգամավորը հորդորեց անպայման ներկա լինել.
«Գումար տան, թե չտան, խնդրեն, թե չխնդրեն, պարտադրեն, թե ոչ, քվեախուց մտնելիս ու վարագույրը քաշելիս ավարտվում է վերահսկողության որևէ հնարավորություն: Չի կարող որևէ մեկը հսկել և տեղեկանալ մարդու քվեարկության արդյունքի մասին»,-նկատեց «Ալյանս» կուսակցության նախագահը:
Անի Կարապետյան