▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործեք բաց ու թափանցիկ, այս խոստումը Դուք տվեցիք. Անահիտ Բախշյանը՝ Կարեն Կարապետյանին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը իր խնդիրները լուծելու ճանապարհին հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին:

Մեր բոլոր նախորդ կառավարությունների գործելաոճում երկխոսության անհրաժեշտ մշակույթն այդպես էլ չի կայանում, այդ պատճառով այն չի կայանում նաև վերևից ներքև կառավարման բոլոր օղակներում: Նման փորձ Տիգրան Սարգսյանի օրոք նույնպես եղավ, սակայն ոչ արդյունք տվեց, ոչ արմատացավ, քանի որ երկխոսություն ենթադրող գործողությունը կառավարիչներից ակնկալում է մի հմտություն, որի դեպքում նրանք քննարկումների ժամանակ պետք է ոչ թե կրծքով պաշտպանեն իրենց բերած նախագիծը կամ թեզը, այլ լինեն բաց՝ որսալու համար այնտեղ հնչող յուրաքանչյուր օգտակար միտք ու գաղափար, որով կլրացվի, կհարստանա ներկայացվող խնդրի լուծումը կամ նախագիծը՝ միաժամանակ ընդունելի լինելով բոլոր կողմերի համար, և ամեն նման քննարկում կավելացնի կառավարության նկատմամբ վստահության պաշարը, որը, նաև այս պատճառով, շատ վաղուց զրոյական մակարդակից չի բարձրանում:

Ինչո՞ւ եմ այս հանրահայտ ճշմարտությունն ասում, որովհետև չնայած Դուք կողմնակից եք երկխոսությանը՝ այս օրերին հանրությունը չիմացավ, թե ինչ քննարկումներ նախորդեցին նախարարությունները կրճատելուն կամ միմյանց միացնելուն ու բաժանելուն: Ի՞նչ ենք շահում դրանից ու այնտեղ թաքնված ի՞նչ ռիսկեր կան, արդյո՞ք այդ միացումներն ու բաժանումներն անհրաժեշտություն էին, բյուջեի առումով օպտիմալ էին: Նաև քանի օր է սոցցանցերում քննարկվում է, թե որ մարմինն է պատմական հուշարձանների պահպանման ու վերանորոգման պատասխանատու լինելու, կարելի՞ է արդյոք այդ երկու մեխանիզմները տարանջատել, չիմացանք: Այս ամենը հանրությանը ներկայացվեց որպես փաստ և վե՛րջ:

Այդպես չպետք է լինի, նույնիսկ 10-ամյա Լևոնն է կառավարությանն առաջարկում աշխատել թափանցիկ, որը նշանակում է, որ հանրությունը պետք է ցանկացած խնդրի շուրջ կայացած երկխոսության ու քննարկման մասին ոչ միայն տեղեկացվի, այլև մասնակցի:

Պարոն վարչապետ, ասելիքս այն է, որ, իհարկե, երիցս ճիշտ եք՝ երկրի առաջ ծառացած ու հանրությանը հուզող ցանկացած հարցի լուծում գտնելու համար ճիշտ ճանապարհը երկխոսությունն է հանրության այն խմբերի հետ, որոնք պատրաստ են անշահախնդիր ու երկրի շահերից ելնող լուծումներ առաջարկել, ուղղակի այն պետք է տեսանելի լինի հանրությանը և ոչ թե փակ դռների ետևում կայացվեն որոշումներն ու դրանք ներկայացվեն որպես վերջին ճշմարտություն:

Գործեք բաց ու թափանցիկ, այս խոստումը Դուք տվեցիք Հանրային խորհրդին՝ որպես հանրության խողովակներից մեկը, բայց դրանք շատ են և ուզում ենք նաև տեսնել, թե ինչպես եք աշխատելու մնացածների հետ ու, ամենակարևորը, ինչպես եք որոշումները կայացնելու: Վստահ եմ, որ ցանկացած երկխոսություն կնպաստի կառավարության նկատմամբ վստահության պաշարը զրոյականից ցածր մակարդակից բարձրացնելուն:

P.S. Որպեսզի չմտածեք, թե ես միայն խոսում եմ, պատրաստ եմ հասարակական կարգով ծառայել որպես կրթության ոլորտի խորհրդատու:

Վերլուծել եմ 1999 թվականից սկսած՝ կրթության ոլորտի բարեփոխումների նպատակով իրականացված ներդրումների առջև դրված խնդիրների ու արդյունքների համապատասխանությունը, որը շատ լայնածավալ է (11 էջ) ու, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ: Ծախսվել են միլիոնավոր դոլարներ, բայց կրթության որակի բարեփոխումները դեռ նկատելի չեն:

Պատճառները բազմաթիվ են, ունեմ շատ կոնկրետ առաջարկներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին