Անհրաժեշտ է ապահովել նոր աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե հանուն մրցակցության ապահովման մտածել եղածները փակելու մասին:
Ապրիլի 12-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչպես նաեւ «Գործունեության իրականացման վերաբերյալ իրազեկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ ասել է «Բարգավաճ հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթին:
Նրան, մասնավորապես, զայրացրել է Սարգսյանի այն արտահայտությունը, որ անհրաժեշտության դեպքում հանուն պետական շահի կարելի է աշխատանքից զրկել հարյուրավոր մարդկանց:
«Նման հայտարարություններ կատարելուց առաջ պետք է հարց տալ՝ իսկ ձեր կողմից թեկուզ մեկ աշխատատեղ ստեղծվե՞լ է, որ դուք դեռ որոշեք՝ այս կամ այն ոլորտում պետք է աշխատատեղերը պահպանել, թե ոչ: Սա սխալ մոտեցում է: Մենք խոսում ենք մեր համաքաղաքացիների մասին: Նրանք ընտանիքներ ունեն, եւ ըստ էության՝ դրանք մեր ընտանիքներն են: Մենք պետք է մտածենք նրանց բարեկեցության մասին, այն մասին, որ մեզ մոտ աշխատետեղերն ավելանան, այլ ոչ հակառակը»,- շեշտել է Արթուր Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը ներկայացրել է օրինագծերի փաթեթ՝ երկիր իրանական ցեմենտի ներմուծման մաքսատուրքը տոննայի համար մինչեւ 22 հազար դրամ բարձրացնելու մասին: Կառավարության կարծիքով՝ սա կլինի ցեմենտի տեղական արտադրողներին աջակցելու անհրաժեշտ գործողություն: Իշխող դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել էր քննադատել սեփական կառավարությանը՝ հայտարարելով մցակցության պահպանման մասին՝ անգամ հարյուրավոր մարդկանց աշխատանքից զրկվելու գնով:
Կարդացեք նաև՝ Մեր տունն ընդամենը երեք հարկանի է, դղյակ չէ. Հայկ Սարգսյան