▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Գասպարյանը` «Եվրատեսիլում» Հայաստանը որակազրկելու թուրքերի պահանջի և դրա հետևանքների մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը  «Don't Deny» («Մի՛ ժխտիր») երգով ներկայացնելու է հատուկ այս մրցույթի համար ստեղծված «Genealogy» խումբը: Թեև երգը  պաշտոնապես դեռ չի ներկայացվել,  սակայն այսքանն էլ բավական էր  մրցույթի թուրք երկրպագուներին change.org կայքում ստորագրահավաք սկսելու համար: Վերջիններս Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջում են որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցույթը քաղաքականացնելն արգելվում է, իսկ տվյալ երգը նրանց պնդմամբ քարոզչություն է Հայոց ցեղասպանության օգտին:

«Այս ամենը չի կարող հետևանքներ ունենալ, քանի դեռ մենք չենք ներկայացրել մեր արտադրանքը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ստորագրահավաքին ասաց  «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:  Վերջինիս խոսքով` Եվրատեսիլն ունի հստակ օրենքներ, որոնք Հայաստանը պահպանում է ամեն տարի, ինչ էլ անելու են նաև այս անգամ:

Գոհար Գասպարյանը նաև անդրադարձավ Ֆրանսիայի մասնակցության դեմ թուրքերի իրականացվող ստորագրահավաքին` նախ ժխտելով, որ Ֆրանսիայի այս տարվա եվրատեսիլյան երգը նվիրված է Հայոց ցեղասպանությանը.

«Նրանք նման բան չեն հայտարարել, ուղղակի ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն է: Պարզապես ասել են, որ  ոգեշնչվել են Առաջին աշխարհամարտի դեպքերից»:

Իսկ այն հարցին` արդյո՞ք այս տարի Թուրքիայից այլ գործողություններ և քայլեր սպասելի են` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Գոհարը նշեց.

«Բնականաբար, սպասելի է նրանց այդ տեսակ ակտիվությունը և, տվյալ դեպքում, ոչ միայն նրանց`  այլև մեր մյուս հարևան երկրի, սակայն հավատարիմ մնալով Եվրատեսիլի օրենքներին և հարգելով  դրանք` ներկայացնելու ենք շատ պատշաճ ելույթ»,-իր խոսքը եզրափակեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Հիշեցնենք, «Genealogy» խմբում հանդես են գալու ծագումով հայ 5 երգիչներ, ովքեր զուգակցվելու են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից միանալու է ևս մեկ մասնակից, ով, հավանաբար, Ինգա Արշակյանն է լինելու և համախմբելու է թերթիկները: Այսպիսով` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:  

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին