«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երևույթը դեռ շարունակվում է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են: Ամենաթարմ օրինակը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, որի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում: Նախարարությունից մեզ փոխանցեցին, որ Ռուզաննա Տոնոյանն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է փաստաթղթաշրջանառության բաժնում որպես մասնագետ: Եւ ամենակարևորը՝ նախարարությունից ընդգծեցին, որ նախարարի կինն այդ բաժնում աշխատանքի ընդունվել է դեռևս 2020 թվականին՝ մինչև Գնել Սանոսյանի նշանակվելը: Բայց, միևնույնն է, շահերի բախում է. չէ՞ որ չի բացառվում, որ նախարարի կնոջ նկատմամբ իր վերադասները արտոնյալ վերաբերմունք դրսևորեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Գնել Սանոսյանի կինն աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet