«Փաստինֆո»-ն գրում է.Խորհրդարանում երեկ սկսված և այսօր շարունակվող Ասիական զարգացման բանկից շուրջ 113 միլիոն դոլարի վարևկային համաձայնագրի շուրջ քննարկումները առիթ դարձան հայաստանյան տնտեսության, օֆշորային սկանդալների մասին հիշեցումների, նաև` պատգամավորների ու քաղաքական ուժերի փոխադարձ մեղադրանքների:
Առաջինը ամբիոնին մոտեցած Հրանտ Բագրատյանն օրինակ ասաց, որ համաձայնագիրը վատը չէ, բայց ինքը դեմ է քվեարկելու:
«Միայն վերջին 8 տարում` 2008-2015թթ. Հայաստանը ստացել է 3 միլիարդ 600 միլիոն դոլարի վարկ, ստացել է 8.5 մլն դոլարի տրանսֆերտ, 3 տրիլիոն էլ ներքին ներդրումներ են արել մերոնք: Բայց ՀՆԱ-ն չի աճել, նվազել է: Բա կլինի, որ 100 մլն վերցնես ու չերևա: Մնում է ենթադրել, որ գրպանվում է»,- ասաց նախկին վարչապետն ու հիշեց նաև իր` օֆշորային սկանդալի հետ փոխկապակցված պաշտոնակցին: «Մենք ձեզ էլ չենք հավատում, քանի որ, ով որ օֆշորի սկանդալում էր, այսօր պաշտոնի բարձրացում է ունեցել: Էլ ձեր ինչի՞ն հավատանք»,- նշեց նա:
Բագրատյանի ելույթից հետո ԱԺ նախագահն արձագանքեց. «Ե՛վ լսելն էր հեշտ, և՛ կռահելը», ինչին Բագրատյանը պատասխանեց. «գնա գործիդ»:
«Գործ չեմ ճարել դրա համար եմ այստեղ նստած»,- ասաց Գալուստ Սահակյանը: Իսկ երբ Բագրատյանն առաջարկեց ամբիոնից պատասխանել, ԱԺ նախագահը մերժեց` ասելով, որ ինքն անուններ չի տվել:
Երևանում շրջանցիկ ճանապարհներ կառուցելու և մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելուն ուղղված այս վարկային ծրագիրը պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ «դիսկրիմինացիա» որակեց` հիշեցնելով, որ համայնքային ծրագրերի իրականացմանն ուղղվող վարկային ծրագրերի պարտքը դրվում է համայնքների բյուջեի վրա, իսկ այս դեպքում վարկը վերադարձներու է կառավարությունը` պետության բյեւջեի հաշվին:
«Ուզում եք Երևանի կենտրոնը բեռնաթափվի, մարզերը զարգացրեք, Երևանը կբեռնաթափվի, աուրա կլինի ապրելու, աշխատատեղեր կլինեն, մարդիկ չեն գա լցվեն մայրաքաղաք»,- առաջարկեց Մարուքյանը:
Բացի այդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ալարտը լի է կոռուպցիոն ռիսկերով և նույնը հայտարարեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի մասին:
ՕԵԿ խմբակցության, գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հիշեց Հյուսիս-Հարավը` նշելով, որ ՀՀ ավտոճանապարհների «ամենալավ հատվածը քանդեցին ու 100- ավոր միլոնների դոլարներ ներդրեցին, որ ասֆալտը հանեն տեղը բետոնի շերտ դնեն»:
Պատգամավորը կոչ արեց ծրագրերը սկսել ոչ թե մայրաքաղաքից, այլ Գյումրիից, Թալինից, Մեղրիից, հակառակ դեպքում` «երկիրը նմանվում է շերեփուկի` գլուխը մեծանում է, մարմինը չկա»,- ասաց Մարգարյանը` կոչ անելով մայրաքաղաքից բացի երբեմն նաև «հայրաքաղաքի» մասին մտածել:
Այս ելույթներից հետո արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ելույթ ունեցողներին մեղադրեց պոպուլիզմի մեջ, իսկ Երևանն այլ քաղաքների հետ համեմատության մեջ դնելը որակեց «գավառական մտածելակերպ»:
«Ես Ալավերդիից եմ, բայց բոլորիս աչքի լույսը Երևանն է, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞, Երևանը վերջին մի քանի տարում չէ, որ դարձել է 1.5 միլիոնանոց: Ամենավտանգավորը գավառական մտածելակերպն է, որ մայրաքաղաքի շահերը հակադրում են մարզերին: Միգուցե համաչափ զարգացում չկա, բայց այնպես չէ, որ բոլոր ծրագրերը միայն Երևանում ենք արել»,- ասաց Շարմազանովը` մեջբերելով Ուինսթոն Չերչիլի խոսքերը` «վարկ տալիս են նրան, ով կարող է մարել»:
«Այդ ով է այստեղ գավառական համարում այն մարդկանց և այն պատգամավորներին, որոնց պարտականությունն է` որտեղից գալիս են խոսեն այդ քաղաքի, այդ տարածքի մասին»,- արձագանքելով Շարմազանովին` ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` հավելելով. «Մի’ կարճացրեք այստեղ խոսողների լեզուն, մի’ դասավանդեք, մի’ դիտողություն արեք և մի’ սովորեցրեք` ով ինչի մասին խոսի»:
«Բա չասենք, որ օֆշորում գրանցված կազմակերպությունները, որոնց տերերին ճանաչում ենք ովքեր են, գրանցվում են այնտեղ, որ հակ ու տուրք չտան, հայրենասիրությունից դրդված, իրենց երկրին ու լափեն այն փողերը, որ գալիս են Հայաստան, բա չասենք, որ ամենամեծ «ատկատները» ճանապարհաշինության մեջ են»,- ասաց Բիշարյանը:
«Ինչու եք բոլոր տենդերները տալիս օֆշորում գրանցվածներին, Վերահսկիչ պալատը միլիոն հատ հասցե ասաց, ամենապրիմիտիվ, 2 կոպեկանոց ծրագրերը օֆշորում գրանցվածներն են անում»,- ասաց Հեղինե Բիշարյանը: Ապա անդրադառնալով բուն ծրագրին, ասաց, որ ծրագիրը լավն է, բայց ՕԵԿ-ը ձեռնպահ է մնալու, քանի որ դա արվում է վարկերով:
ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը, նշեց, ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրին, քանի որ, իր խոսքով, վարկային ծրագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսական և սոցիալական վիճակի, ինչպես նաև բյուջեի եկամտային մասի վրա, քանի որ դրա 30%-ը վերադառնալու է բյուջե:
«Գնահատականներ տալուց առաջ պետք է լավ ծանոթանալ ծրագրին, և կարծում եմ, ծանոթանալուց հետո այդ գնահատականը պետք է լինի միայն դրական»,- ասաց Գ.Մելիքյանը` հավելելով, որ վարկային ծրագրերով տնտեսությունը զարգացնելու մեջ որևէ վտանգ չի տեսնում: