▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի որդու ղեկավարած կառույցի եւ «Մոսկվա» կինոթատրոնի կռիվը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի ապրիլին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի ղեկավարած կառույցը դատի է տվել «Մոսկվա» կինոթատրոնին:

2015թ մարտի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ կինոթատրոն «Մոսկվա» ՍՊԸ-ին հարկադրվի կատարել պայմանագրային պարտավորությունները:

Մեզ հետ զրույցում «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը պատմել էր դատական քաշքշուկի ողջ պամությունը. «Մենք գնել ենք Ծաղկաձորի կինոթատրոնը եւ պայմանագրով պարտավորություն ենք ստանձնել, որ 20 տարի պետք է պրոֆիլը պահենք, կինոթատրոն կառուցենք եւ 200.000 դոլար ներդրում կատարենք: 200.000 ԱՄՆ դոլար ֆինանսական ներդրումը կատարել ենք, բայց տնտեսական ճգնաժամից ելնելով՝ չենք կարողանում շինարարական աշխատանքները ավարտին հասցնել»:

Հիմա իրենք դիմել են դատարան եւ պարտադրում են շինարարական աշխատանքն ավարտին հասցնել. «Բայց մենք հիմնավոր փաստարկներ ունենք, որ մեր ֆինանսական պարտականությունը կատարել ենք, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար մեզ ժամանակ է պետք»: Ըստ մեր զրուցակցի` իրենք չեն հրաժարվում պարտավորություններից, սակայն. «Կինոթատրոնի վերջնական ավարտի համար նախատեսված գումարը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Քանի որ վերջին շրջանում ներդրումների հոսքը այդ երկրից պակասել է, այդ պատճառով չենք կարողանում այնտեղից գումար ստանալ եւ մեր աշխատանքը ավարտին հասցնել»:

Եվ, ահա, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո 2016 թվականի սեպտեմբերի 5-ին այս գործով դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակեց վճիռ, որով մերժեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցն ընդդեմ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի պայմանագրային պարտավորությունը կատարելուն հարկադրելու պահանջի մասին հայցը:

Տպավորությունն այնպիսին է, որ այս վեճը առաջին ատյանի դատարանով կավարտվեր, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, երկու կառույցների միջեւ խնդիրը գնալով ավելի է խորանում: Ասել է, թե ԱԺ նախագահի որդու ղեկավարությամբ գործող կառույցը ամեն գնով ցանկանում է ստիպել կինոթատրոնի տնօրինությանը կատարել պայմանագրային պարտավորությունները: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում, իսկ թե վերաքննիչ դատարանը ինչ որոշում կկայացնի, դեռ վաղ է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին